Մարտի ընթերացարան

Ճանապարհորդուհի Միրանդան

Դոնալդ Բիսեթ

Եղել է, չի եղել, Աֆրիկայում մի բադ է եղել։ Ճիշտը որ ասենք, նա անգլիական բադ էր, քանի որ ծնվել էր Անգլիայում ու անունն էլ Միրանդա էր։ Նա վաղուց էր երազում հայրենիք վերադառնալ, որովհետև շատ էր ուզում խաղալ անգլիացի տղաների ու աղջիկների հետ։ Ուստի նա հրաժեշտ տվեց իր բարեկամներին, թեև շատ ծանր էր այդ բաժանումը։ Հրաժեշտ տվեց առյուծներին, վագրերին, կապիկներին, միայն թե՝ ոչ կոկորդիլոսներին։ Նա կոկորդիլոսներին հանդուրժել չէր կարողանում։ Եվ համարձակ ճամփա ելավ։ Երկար, շատ երկար նա թռչում էր ջունգլիների վրայով, իսկ հետո երևաց ծովը։ Միրանդան թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։ Հետո նա թռավ սարերի վրայով ու պարզ է, որ ստիպված դեպի վեր ու ավելի վեր էր բարձրանում։ Իսկ ավելի վերևում ցուրտ էր ու ձյուն էր տեղում։ Հանկարծ նա լսեց, որ մեկը երգում է։ Ձայնը լսվում էր մոտիկից ու ավելի մոտիկից։ Նրան թվաց, թե երգում են ֆրանսիական «Սյուրլյոփոն դʼԱվինյոնը», որը նշանակում է «Ավինյոնի կամրջի վրա»։ Եվ իրոք, քիչ անց, մառախուղի միջով սուրաց ֆրանսիացի ծիծեռնակների երամը, որը թռչում էր դեպի հարավ՝ Իտալիա։ Միրանդայի մոտով անցնելիս, նրանք թևերը թափահարելով, ջերմորեն ողջունեցին։ Եվ Միրանդան էլ նրանց պատասխանեց՝ իր թևերը թափահարելով։ Նա շատ էր հոգնել և ուտել էր ուզում։ Ձյունը ավելի սաստիկ էր տեղում, և ոչինչ տեսանելի չէր։ Ականջների մոտ սուլում էր քամին, ձյունը կուրացնում էր աչքերը, թռչելն ավելի ու ավելի էր դժվարանում։ Բայց Միրանդան մտածում էր լոկ այն մասին, թե որքան լավ է ամառը անգլիական ճահիճներում, ու շուտափույթ հանդիպում էր երազում անգլիացի երեխաների հետ։ Նրա կտուցն ուղղված էր Լոնդոնի կողմը։ Այդպես նա թռչում էր շատ երկար ժամանակ։ Քամին հանդարտվեց աստիճանաբար, ձյունն էլ դադարեց տեղալուց։ Եվ իր գլխավերևում Միրանդան աստղեր տեսավ, իսկ ցածում՝ մեծ քաղաքի թարթող լույսերը։ Դա Լոնդոնն էր։ Միրանդան վայրէջք կատարեց քաղաքի լճակի վրա։ Լճակի կենտրոնում մի կղզյակ կար, իսկ կղզյակի վրա՝ ազատ մի բույն․ ասես միտումնավոր նախապատրաստել էին հենց Միրանդայի համար։ Միրանդան շատ ուրախացավ։ Նախաճաշեց ճահճային խոտերով, հետո նստեց բնում ու արդեն սկսել էր ննջել, երբ հանկարծ լսեց մի ձայն․

— Միրանդա՜… Միրանդա՜…

— Այստեղ եմ,— պատասխանեց Միրանդան։

Նա ելավ բնից ու լողաց դեպի լճափ։ Այստեղ նա տեսավ փոստատար տղային։

— Հեռագիր ունես,— ասաց տղան։— Խնդրում եմ, ստորագրիր, որ ստացել ես։

Միրանդան ստորագրեց։ Հետո հեռագիրը կտուցին, լողաց դեպի ետ, դեպի իր բույնը։ Նա հուզմունքով բացեց հեռագիրը։ Պարզվեց, որ հեռագիրն ուղարկել են աֆրիկացի տղաներն ու աղջիկները։ Ահավասիկ, թե ինչ էին նրանք գրել․

«Միրանդա, Միրանդա, բարևում ենք քեզ։ Մաղթում ենք շոգ ամառ։ Դու քեզ լավ նայիր։ Մենք քեզ սիրում ենք։ Շուտ պատասխանիր»։

Դիմացի փողոցի տներում մարեցին լույսերը։ Միրանդան լսեց, թե ինչպես են մարդիկ իրար բարի գիշեր մաղթում։ Հետո շուրջը լռություն տիրեց։ Միրանդան հեռագիրը թաքցրեց մի թևի տակ, գլուխը՝ մյուս թևի և խորը քուն մտավ։

Աշխատանքնային էջ՝Ճանապարհորդուհի Միրանդան

Բադեր
տեղակատվական նյութ

Բադերը ջրլող թռչուններ են:

Հայտնի են 147 տեսակի բադեր, իսկ Հայաստանում կան 29 տեսակի բադեր՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, սուզաբադեր, տուրպաններ: Բադերը փոքրամարմին են, մինչև 5 կգ կարող են կշռել: Պարանոցը և ոտքերը կարճ են: Ոտքերը ծածկված են թեփուկներով: Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերի տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն:

Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ՝ ծառերի փչակներում, թփերի վրա: Դնում են 5-12 ձու, թուխս են նստում գարնան վերջին և ամռան սկզբին:

Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը:

Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են մեծանում և 70 օրվա ընթացքում հասնում են մինչև 3-4 կգ-ի:

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Արև

Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կպատվենք, քեզ կգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չգնաս,
Էլ չթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

Աշխատանքային էջ՝ Արև

Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Աշխատանքային էջ՝ Հիշողություն

Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Աշխատանքային էջ՝ Ծիծեռնակ

Ներբեռնիր ֆայլը, կարդա՛ բանաստեղծությունը, լավ կլինի նաև ձայնագրես,
նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը, համացանցից առանձնացրու 10 կարևոր տեղեկություններ ծիծեռնակի մասին (կարող ես օգտվել այս հղումներից 123, 4): Եթե ուզում ես, կարող ես Power point ծրագրով տեղեկատվական ընթերցարան ստեղծել:

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Աշխատանքային էջ՝ Մանուկն ու ջուրը

Գորգի տակ

Դոնալդ Բիսեթ

Վագրը ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանը նաև մի աղջիկ էր ապրում: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկը հարցրեց նրանց.

— Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
— Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
— Ես երևակայական վագր եմ:
— Ես երևակայական ձի եմ:
— Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
— Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
 — Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
— Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.

— Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

— Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքը ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

— Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամը քանի՞սն է:
— Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

— Մեծ-մեծ շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
— Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
— Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
— Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
— Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց համար հովանոց նկարեց:
— Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
— Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:

Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ ձին ու վագրը նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:

— Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:

Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:

Աշխատանքային էջ՝Գորգի տակ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s