Ժնջիլ-ժնջիլ, Կոպալ-կոպալ, Ծիվ-ծիվ ազգային խաղերն են ներկայացնում Հյուսիսային դպրոցի 3.3 ջոկատի սովորողները։
Рубрика: Ազգային խաղեր
«Մանկության խաղեր՝ 1+1»՝ ընտանեկան նախագիծ
Ազգային խաղեր՝ փառատոնին ընդառաջ
«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում, Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատի հետ իրականացրեցինք «Ժնջիլ, ժնջիլ» ազգային ավանդական խաղը:
Զատկական ասիկներ, խաղեր
Հանելուկներ
1․ Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
2.Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
3․ Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
4․ Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:
Ասիկներ
***
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է: Продолжить чтение «Զատկական ասիկներ, խաղեր»
Ազգային խաղեր
Ցանկ
- Ի՞նչ եք անում
- Խնոցի-հարոցի
- Ծիտը քարին
- Մածուն ծախեմ
- Խաշիլ ճաշ
- Մուկն ու կատուն
- Մուկ-կատու
- Գայլն ու ոչխարները
- Գործնագործ
- Աղջիկ փախցնոցի
- Ես՝ բարձր, դու՝ ցածր
- Աչքկապուկ
- Զանգակի խաղը
- Ճլոթ
- Կարմիր կոճակ
- Գնդակ թռցնել
- Յոթ քար
- Հինգ քար
- Մատներ
- Ժամը քանի՞սն է
- Մամի, մամի
- Նանի, նանի
- Ժնջիլ, ժնջիլ
- Ծուղրուղու
- Պուճաղ-պուճաղ
- Պուտ-պուտ
- Համրախաղ
- Գող և փաշա
- Թաթիկ-լաթիկ
- Արդար-մեղավոր
- Հինգ այծատեր
- Դաշտի չոբան
- Ոչխար-ոչխար
- Գել – գել
- Վերևի՞նը, թե ներքևի՞նը
- Ալիս-պալիս
- Կաղին խաղալ
- Աղվեսուկ
Զատկական խաղեր
- Ձուկոտրոցի
- Ձուգլդորիկ
- Ձուպտտոցի
- Աքլորակռիվ
- Ամենաուժեղ թռչունները
- Արագաշարժ թռչունները
- Ճարպիկ թռչունները
- Արագակեր ձագուկ
- Պահիր մայր թռչունին
1. Ի՞նչ եք անում…
Երեխաները չարխափաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում և աղմկում են:
Ներկաներից մեկը հարցնում է.
- Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:
Այսպես կարելի է շարունակել, մինչև կհոգնեն կամ կպարզեն, որ այլևս ոչինչ չմնաց քշելու: Նշվածների փոխարեն կարելի է քշել այն, ինչն ավելի հարմար կգտնեն (իրենց ընկերների վատ արարքները, դժվար, տհաճ և այլ երևույթներ):
2. Խնոցի-հարոցի
Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
- Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:կամ`
- Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:
3. Ծիտը քարին
Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
- Ծիտը քարի˜ն:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:
4. Մածուն ծախեմ
Գլխավորապես խաղում են աղջիկները սենյակում: Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը որ անկյունից զուրկ է սրան-նրան ասում է.
- Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
- Ես չեմ ուզեր, այսինչը կուզի:
Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը: Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:
5. Խաշիլ ճաշ
10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.
- Ա˜յ թռչուն, ա˜յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
- Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
- Ո՞ւմ համար:
- Իմ ճուտերի:
- Կտա՞ս իմ ճուտերին:
- Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:
6. Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
7. Մուկ — կատու
Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:
8. Գայլն ու ոչխարը
Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը`գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթեգայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:
9. Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը`խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:
10. Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
11. Ես բարձր եմ, դու` ցածր
Խաղում են 2-ական` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
- Տակդ ի՞նչ կա:
- Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
- Վրեդ ի՞նչ կա:
- Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:
12. Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
13. Զանգակի խաղ
Ծառից կամ գետնին ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում են թաշկինակով ու պարանները տալիս ձեռքները: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:
Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:
14. Ճլոթ
Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:
Պապը հարցնում է.
- Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:
15. Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.
- Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
16. Գդակ թռցնել
Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:
17. Յոթ քար
Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքումփախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:
18. Հինգ քար
Խաղում են 10 հոգով: Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշը՝ հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ: Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին: Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են և գնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է, նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.
- Գռտու- գռտու, ձագերդ գտի՛:
Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:
19. Մատներ
Երկուսով կանգնում են իրար դիմաց: Երեխաներից մեկը ձեռքերից մեկով բռունցք է անում: Մյուսը, հերթով մատները բացելով, արտասանում է.
Բթամատն ասաց` գայլը եկավ:
Ցուցամատն ասաց` որտեղի՞ց եկավ:
Միջնամատն ասաց` սարիցն եկավ:
Մատնեմատն ասաց` եկեք փախչենք:
Ճկույթն ասաց` պստիկ եմ, ճստիկ եմ,
Ոտիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
Երեխան, որի բռունցք արած ձեռքի մատներն արդեն բացվել են, ասում է.
— Ա՜յ, այսպես:
Եվ, դիմացի երեխայի թևի վրա, ցուցամատով և միջնամատով ցուցադրում է մատների վազք: Ապա միասին, նստարանի վրա, մատներով բեմականացնում են պար` պարային կամ ռիթմիկ երաժշտության նվագակցությամբ:
20. Ժամը քա՞նիսն է
Երեխաները, ժամն իմանալու համար, մի ձեռքով գրկում են ծառի բնից ու, պտտվելով, ասում.
-Ալաբուջի, ժամը քա՞նիսն է:
Կրկնվում է մի քանի անգամ, մինչև անցորդներից որևէ մեկն ասում է ժամը:
21. Մամի, մամի
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
- Մամի, մամի, խաղողն հասե՞լ է:
Մյուսը պատասխանում է.
- Հասել է, հասմըսել է, Շանը կտամ, գելին կտամ, Քեզ մի ճութ չեմ տա:
- Ինչո՞վ գամ` որ տաս:
- Դհոլ — զուռնով:
Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն նվագելով, շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով, մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
- Մամին կասի` սխտոր ծեծեք:
Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում` բացականչելով.
- Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
- Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
- Քաշենք` երկարի:
Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:
22. Նանի – նանի
Տարբերակ 1
Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը ձեռքերի մատները մի փոքր իրարից
հեռացրած, ձեռքերի մատների ծայրերը պահում են իրար դիմաց և հպում իրար` պատկերելով թոնրի ձև: Մյուսը, ցուցամատը դնելով դիմացի խաղընկերոջ ճկույթների միացման տեղին, ասում է.
- Նանի, նանի, կրակ տուր:
- Ելի վերի թաղը (թարեքը, թառը):
Այսպես կրկնվում է` բարձրանալով մինչև ցուցամատ: Հասնելով ցուցամատին (թոնրի շրթին), ասում է.
- Նանի, նանի, որ կաթը դնեմ թոնիրը` տաքանա, հո շուն չկա՞:
- Չկա, չկա:
Խաղացողը ձեռքը` իբրև կաթ, իջեցնում է ՙթոնիրը՚: Թոնիրը ցուցադրող երեխան արագ փակում է «թոնիրը»` ասելով.
- Հաֆ, հաֆ, հաֆ…
Տարբերակ 2
Նույն խաղում են, վերջում ասելով.
- Հաց որ թխեմ` հո շուն չկա՞:
- Չկա, չկա:
«Հաց թխողը» ծափ է տալիս և աջ ձեռքով «հացը խփում» թոնրի աջ շրթին: Նույնը կատարում է` խփելով ձախ շրթին: «Թոնիրը», որսալով հարմար պահ, արագ փակվում է` բռնելով խաղացողի ձեռքը և ասում.
- Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ…:
Տարբերակ 3
- Նանե, նանե, կրակ տուր:
- Ելի վերի թաղեն:
- Հուդա ճնճուղ մի կար, ի՞նչ էղավ.
- Թռավ դիզու գլոխ.
- Դեզն ի՞նչ էղավ. — Կով կերավ.
- Կովն ի՞նչ էղավ.
- Գել կերավ.
- Գելն ի՞նչ էղավ.
- Շուն կերավ.
- Շունն ի՞նչ էղավ.
- Դռան ետև կապուկ է.
- Խաց օր էպիկ, խո չխա՞ծե.
- Չէ, էպե.
- Կաթն օր դնիմ թունդիր, խո չթա՞փի.
- Նանե, նանե, կաթը թափավ:
23. Ժնջիլ, ժնջիլ
Տարբերակ 1
Խաղում են երկուսով: Երկուսն էլ բռունցք են անում և իրար վրա դնում: Նրանցից մեկը, ցուցամատը ներքևի բռունցքից սահեցնելով վերև, մատը դնում է վերևի բռունցքի վրա, որը դիմացի խաղացողինն է, և հարցնում:
- Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ու՞ր ա:
- Կովն ա կերե:
- Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ու՞ր ա:
- Մորթեցին, կերան:
- Բա իմ փայ միսիկն ու՞ր ա:
- Դրեցին լուսամուտ:
- Ժնջիլ, ժնջիլ, բա միսիկն ու՞ր ա:
- Կատուն էկավ, տարավ, կերավ:
- Ժնջիլ, ժնջիլ, բա չկարեցա՞ր բռնես:
- Հը՛ ը: (Չէ՛:)
- Դե, առ քու ձեռ, կորի:
Վերջին խոսքերի հետ խաղացողը իր բռունցքով թեթև խփում է մյուսի բռունցքին ու մի կողմ հրում: Ամեն «ժնջիլ, ժնջիլ» խոսքրի հետ կատարում է նույն շարժումը:
Տարբերակ 2
- Ժնջիլ, ժնջիլ, էս տեղի խոտն ու՞ր ա:
- Խոչն ա կերել:
- Ժնջիլ, ժնջիլ, բա խոչն ուր ա:
- Մորթեցի կերա:
- Ժնջիլ, ժնջիլ, բա իմ փայ միսն ու՞ր ա:
- Դրեցի լուսամուտ:
- Ժնջիլ, ժնջիլ, բա ուր ա, չկա:
- Կատուն տարավ, կերավ:
- Ժնջիլ, ժնջիլ, չկարեցա՞ր բռնես:
- Չէ՛:
- Դե ա՛ռ քու ձեռ, կորի:
24. Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:
25. Պուճաղ–պուճաղ
Խաղում են 5 հոգով: 4 մասնակիցներ գրավում է սենյակի անկյունները, իսկ 5-րդը սենյակի կենտրոնում պուտ է դառնում: Շարժման նշանը տալուն պես անկյունների 4 հոգին անմիջապես տեղափոխություն են անում, իսկ պուտ եղողը ձգտում էր օգտվել տեղաշարժից և գրավել այն անկյունը, որին աշխատում է հասնել դանդաղաշարժ մեկը, և վերջինիս հետ փոխում է իր դերը:
26. Պուտ–պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին.
- Ի՞նչ ուտենք:
- Չիր ու չամիչ:
- Որտեղի՞ց ուտենք:
- Գողանանք` ուտենք:
- Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:
27. Համրախաղ
Մանուկները մի քանի հոգով մի մայր են ընտրում, որը նախապես գծված շրջանի մեջ տեղավորվելով, մոտենում է շուրջը կանգնած խաղացողներից մեկին, զանազան ծիծաղաշարժ շարժումներ անում, կանչում է որևէ թռչունի նման ու հրամայում այդ երեխային կրկնել իր արածները հարևանի հետ` առանց ծիծաղելու: Եթե հանձնառուն չի կարողանում ծիծաղը պահել կամ ճշտորեն կրկնել իր ցույց տվածը, բոլորը նրան թեթևակի խուտուտ են տալիս, իսկ եթե կարողանում է, մտնում է շրջան և շարունակում խաղը:
28. Գող և փաշա
Վիճակահանությամբ մեկը փաշա է դառնում, երկու-երեքը` թիկնապահ, մեկը` շուն, մի քանիսը`գող: Թիկնապահներն ու շան պաշտոնը վարողը նստում են փաշայի շուրջը: Նրանցից քիչ հեռու մեծ շրջան են գծում, որի մեջ գողերն են թաքնվում, դա գողերի տունն է: Փաշայի խումբը կեղծ քուն է մտնում: Քիչ հեռվում թաքնված «գողերը» գալիս են նրանց մոտ, նախապես դրված իրերը հափշտակում, փախչում: Շունն անմիջապես սկսում է հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ հաչել և արթնացնել քնածներին: Եթե արթնացած թիկնապահներն արագ հետապնդում, բռնում են գողերին և բերում փաշայի մոտ, փաշան սրանց զանազան«պատիժներ»է սահմանում, որը կիրառելուց հետո խաղը նույնությամբ կրկնվում է: Եթե մինչև «տուն» հասնելը թիկնապահները չեն կարողանում գողերին բռնել, դերերը փոխվում են:
29. Թաթիկ–լաթիկ
Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խաղում են ընդարձակ և հարթ վայրում: Խաղահրապարակի կեսից անցնում է մի սահմանագիծ, որի երկու կողմերում՝ իրարից որոշակի հեռավորության վրա, կանգնում են խաղացողները: Սահմանի մի կողմից մի երեխա (մարտիկ) է դուրս գալիս և առանց սահմանագիծը անցնելու՝ գծի երկարությամբ իր խմբի կողքին վազում և աշխատում է մյուս խմբի երեխաներից մեկի շորին՝ լաթիկին, իր ձեռքով (թաթիկով) կպչել: Խաղացողը, հակառակորդի շորին ձեռք տալով, նրան շարքից հանում է և քարացնում:
Մյուս կողմի մասնակիցները, հետևելով նույն կանոններին, առանց խախտում անելու, փորձում են բռնել մյուս կողմում խաղացողի թաթիկը և տանում իրենց կողմն ու քարացնում: Հետո մյուսն է դուրս գալիս և շարունակում խաղը: Երբ ամեն կողմից մի հոգի է մնում, այդ երկու խաղացողները գալիս են կենտրոն և իրար զուգահեռ երեք գիծ գծում: Մեջտեղի գիծն ազատ է մնումգ խաղացողները իրենց ոտնածայրերը եզերքի երկու զուգահեռներին հասցնում, ապա աջ թաթիկներն իրար տալով՝ սկսում են միմյանց քաշել: Մրցակցին իր սահմանի մեջ քաշել կարողացողի խումբը հաղթող է ճանաչվում:
30. Արդար–մեղավոր
Խաղացողներից մեկը գայլերի առաջնորդ (պետ) է ընտրվում, մյուսը՝ գառների: Կարող են խմբերին տարբեր անուններ դնել` կրակ ու ջուր, ոտք ու ձեռք… Երրորդ մասնակիցը դառնում է անուն դնող, որը մյուս բոլոր խաղացողներին անուններ է դնում՝ քնած մոծակ, կորած մրջյուն: Անուններ դնելուց հետո անուն դնողը գնում նստում է գայլերի և գառների առաջնորդների մեջտեղում, որոնք, հերթով նրա «դուռը» ծեծելով, սկսում են հետևյալ երկխոսությունը.
- Չը՛խկ-չը՛խկ:
- Ո°վ է:
- Գայլն եմ:
- Ի՞նչ ես ուզում:
- Ես քնած մոծակ եմ ուզում:
Տրված անվան տերն անմիջապես գալիս է և նստում գայլերի ետևը: Ապա գառների պետն է դուռը ծեծում և հարցնում.
- Չը՛խկ-չը՛խկ:
- Ո°վ է:
- Գառն եմ:
- Ի՞նչ ես ուզում:
- Ես ուզում եմ կոտրած խաղալիք:
- Չկա:
- Ես ուզում եմ կորած մրջյուն:
Կանչվածը գալիս, նստում է գառների պետի ետևը: Եվ այսպես պետերը երկխոսությունը կրկնում են մինչև վերջին անվանատերը, որից հետո 2 խմբի բաժանված մասնակիցները, իրար մեջք բռնած, շղթա են կազմում, սկսում են խմբերով իրար քաշել: Որ խմբին որ հաջողվում է շղթան կտրել և մասնակցին քաշել իր կողմ, այդ խումբը ճանաչվում է հաղթող:
31. Հինգ այծատեր
Խաղում է 5-10 երեխա:
Նրանք, առանց իրար ձեռք բռնելու, շրջան են կազմում: Մեկը ձևանում է 1, երկրորդը՝ 3, երրորդը՝ 5 այծի տեր, ապա հաջորդաբար՝ 7, 10, 15: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշի իր այծերի թիվը: Խաղն սկսելիս խաղակիցներից մեկը հայտարարում է.
- Գյուղին հարկ է եկել, ո՞վ պիտի տա:
- Թող երեք այծատերը տա,- պատասխանում է մյուսը:
- Հաշվիր գյուղի վրա, թող գյուղը տա, երեք այծատերն ինչու՞ տա,- վրա է տալիս երեք այծատերը:
- Գյուղն ինչո՞ւ տա, թող 5 այծատերը տա,- ասում է հաջորդը:
5 այծատերը անմիջապես վրա է բերում.
- Ինչու՞ 5 այծատերը, թող 15 այծատերը տա:
Խաղն այսպես շարունակվում է այնքան, մինչև մեկը շփոթվում է: Պարտվողը խաղից դուրս է գալիս կամ որևէ պատիժ է ստանում:
32. Դաշտի չոբան
Խաղին մասնակցում է 5-10 երեխա: Երկու ընտրվածներից մեկը հովիվ, մյուսը` գայլ է կոչվում: Գառները բռնում են իրար փեշից և, երբ գայլը նրանց է մոտենում, գառան պես մայում են: Գայլը նրանց մոտենալիս ասում էգ
- Սարի գել եմ, կտանեմ:
- Դաշտի չոբան եմ, չեմ տա,- պատասխանում է չոբանը:
Գայլը հերթով փախցնում է գառներին, տանում իր բույնը: Հովիվն աշխատում է չթողնել: Երբ բոլորին փախցնում է, հերթը հասնում է նաև չոբանին, որին տանելուց հետո խաղը նորոգվում է` գայլի ու չոբանի դերերն ուրիշներին տալով:
33. Ոչխար–ոչխար
Տղաներից մեկը դառնում է հովիվ, երկուսըª շներ, մեկըª գայլ, իսկ մյուս երեխաները՝ ոչխար, այծ ու գառ: Իրարից 50-80 քայլ հեռավորության վրա ոչխարների համար մակաղատեղ (գիշերը հավաքվելու տեղ) և գայլի համար՝ բույն են գծում: Երևակայում են, թե մութը վրա է տալիս: Հովիվն արոտից ոչխարը մակաղատեղ է բերում: Բոլորը պառկում և քնած ձևանում: Գայլը գաղտագողի գալիս ու հանդարտիկ մտնում է մակաղատեղը և բռնում որևէ ոչխարի, որը պարտավոր է հնազանդորեն հետևել իրեն: Այդ ժամանակ ոչխարի քնած հոտը խրտնում, դես ու դեն է փախչում, որից հովիվն ու շներն արթնանում են: Հովիվը շներին հո¯յ, հո¯յ, հո¯յ բացականչությամբ հորդորում է գայլին բռնել և ոչխարն ազատել, իսկ գայլը ձգտում է րոպե առաջ ոչխարին հասցնել իր բույնը: Երբ շները գայլին հասնում ու բռնում են մինչև բույնը հասնելը, ոչխարն ազատում են, հակառակ դեպքում ոչխարը մնում է նրա մոտ:
Խաղը այդպես պարբերաբար կրկնվում է, մինչև որ գայլը բռնվում է, կամ ընդհակառակը, ոչխարն է սպառվում:
34. Գել– գել
Երեխաներն իրենց գլխարկները ոչխար են համարում և շարքով, իրարից երկու քայլ հեռու, գետնին դնում: Գլխարկատերերը՝ որպես շներ, նստում են քիչ հեռու`գլխարկ – ոչխարների ետևը և հսկում ընդհանուրին: Նրանցից մեկը դառնում է հովիվ: Ոչխարներից 30-40 քայլ հեռու գայլն է տեղավորվում իր բնով: Նա տոտիկ-տոտիկ գալիս, մոտենում է ոչխարին, մեկ-մեկ վերցնում, հոտոտում է, ապա միամտացնելով շներին՝ ուզում է խաբել – փախցնել գլխարկ – ոչխարը: Շներն իսկույն վեր են ցատկում: Գայլը, եթե վստահ չի լինում, թե կարող է ոչխար փախցնել, իսկույն գլխարկը վայր է դնում, որ շները նստեն: Ապա անցնում է հաջորդ «ոչխարը» հոտոտում է, կամ տեղն է դնում, կամ նորից է փորձում և հարմար վայրկյանին փախցնում մի ոչխար: Հովիվն անմիջապես աղմուկը գցում է, շներին հրահրում և վերջիններիս հետ հետապնդում գայլին:
Եթե գայլին կեսճանապարհին բռնում են, ոչխարը ետ են առնում, և նրան «ծեծում», եթե գայլին հաջողվում է բռնվելուց խուսափել և «ոչխարը» բույնը հասցնել, սրա տեր շանը ևս տեղափոխում է իր բույնը: Աստիճանաբար բոլորին այս ձևով իր բույնը տանելու դեպքում գայլը հաղթող է համարվում, և նրա դերը հովվի հետ փոխելով՝ խաղը նորից են սկսում:
35. Վերևի՞նը, թե ներքևի՞նը
Խաղը խաղում են 30 հոգանոց խմբով: Խաղում են բակում կամ դաշտում: Բաժանվում են 2 հավասար մասի, երբեմն նույնիսկ չպահպանելով շարքը` նստում են իրար դիմաց: Յուրաքանչյուր կողմ ունենում է որոշ քանակութամբ մանր քար կամ լոբի: Խաղը սկսողը բռունցքներից մեկում մի լոբի կամ քար է պահում և բռունցքներն իրար վրա դնելով` դիմացինին ասում է.
- Վերևի՞նը, թե՞ ներքևինը:
Մյուս խումբը, միասին որոշելով, առաջարկում է բաց անել իրենց ուզած բռունցքը: Պահված լոբին գտնելու դեպքում խմբերի դերերը փոխվում է: Գտնողները «հակառակորդնորից» նրանց թվով լոբի են ստանում, իսկ չգտնելու դեպքում` իրենք են նրանց նույնքան լոբի տալիս:
Հաղթում է այն խումբը, որը շատ լոբի է հավաքում:
36. Ալիս–պալիս
Երկու և ավելի աղջիկներ մի խումբ են կազմումգ նրանցից մեկը (վիճակահանությամբ են որոշում, թե` ով) մի փոքր հեռանում է և երեսը մի կողմ արած, սպասում է հրավերի: Խմբից մեկն էլ իր ափի մեջ պահում է նախապես պայմանավորված որևէ պարագա ` մատնոց, թել, չիր և այլն: Որպեսզի իրը պահելը խմբից հեռացողին անհայտ մնա, բոլորը միասին բռները սեղմում, դնում էին գետնին:
Խմբից հեռացողն այդ ժամանակ մոտենում է և իր ձեռքը հերթով դնելով ընկերների ձեռքերի վրա` հետևյալ ոտանավորից յուրաքանչյուր ձեռքի համար մի բառ էր արտասանում .
- Ալիս, ալիս,
Մելի յարիս,
Ժամտան դուռը բաց:
Ըստում, ընդում
Մարե տնդում,
Վեր տամ ըստում,
Գտնեմ ընդում:
Եթե ոտանավորի վերջին բառն ընկնի առարկան պահողի ձեռքի վրա, իրը կմնա գտնողին, իսկ եթե չգտնի, ինքը կտա որևէ առարկա:
37. Կաղին խաղալ
Խաղում էին մի խումբ երեխաներով:
Բռի մեջ տեղավորում էին կաղիները, ցույց էին տալիս դիմացինին և հարցնում` զույգ է, թե կենտ: Դիմացինը ճիշտ գուշակելիս ստանում և սխալվելիս նույնքան կաղին էր տալիս պահողին: Իբրև գուշակման նշան էին համարում պահողի ձեռքի երեսի ակոսները, որոնք գոյանում էին բռամիջի կաղիններից:
38. Աղվեսուկ
Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:
Զատկական խաղեր
39. Ձուկոտրոցի
Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:
40. Ձվարշավ — Ձուգլդորիկ
Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:
41. Ձուպտտոցի
Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:
42. Աքլորակռիվ
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.
- Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
- Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:
43. Ամենաուժեղ թռչունները
Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝ մրցակիցներով երկու կողմերից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:
Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:
Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝ ձուն:
Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ սովորողների հետ:
44. Արագաշարժ թռչունները
Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը: Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով), կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:
45. Ճարպիկ թռչունները
«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ «թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում, և դրա մեջ մասնակիցների թվից մեկով պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե, բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա, ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:
46. Արագակեր ձագուկը
Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը:
Հրահանգն առնելուն պես «թռչնամայրերը» մեկական ձու են վերցնում, արագ մաքրում, փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ «ձագին» կերակրում: Նա, ով արագ կերավ, հաղթում է: Ընդ որում, «կերակրող մայրը» «ձագուկին» իրավունք չունի պատառ առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:
47. Պահիր մայր թռչունին
Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերից կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում:
Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի, ասել է թե՝ «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:
Օգտագործված աղբյուրներ
Պարտեզ ամսագիր