Մայիսիկ․Համբարձման ծես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի բակ
Օրը՝ Մայսիսի 10
Ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցներ՝

Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան, Դիանա Գևորգյան, Հասմիկ Մաթևոսյան

Սովորողները՝ գունավոր շապիկներով, ծաղկեպսակներով:

Ծրագրում՝

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր:

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Երեխաներից մեկին դարձնում ենք Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

 

Երեխաներից մի քանիսը փոքր խմբով, վերցնում են «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:

Միասնական կարդում ենք՝

***
Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:

***
Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի:

Երգ-պար — Այ, արևը, արևը

***
Էսօր մեծ Համբարձում է,
Ծաղիկների հարցում է,
Աստված երկինք համբարձվավ,
Ամենքի բախտ բարձավ:

Երգ-պար — Մանի ասեմ ու շարեմ

***
Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,
Շալե շապիկ, նախշուն կոճակ
Եզան տարան տիրոջ դուռը,
Ճատկին զարկին կարմիր նուռը:

***
Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ, Օսկի կոճակ:

Երգ-պար — Հե՜յ, իմ նազան

***

Դուռը բացեք, մարդ եկավ,
Սինին լիքը վարդ եկավ,
Գովենք, գովենք, ում գովենք,
Մեր Արմիկին մենք գովենք:

Երգ-պար — Աղջկեք, պար բռնեցեք

Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ:  Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:

  Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում  4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով  ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

Անհրաժեշտ պարագաներ.

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),
  • ծաղկեպսակներ,
  • վիճակի սափոր,
  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:

Оставьте комментарий