ԾԻՏԸ
Լինում է, չի լինում մի ծիտ:
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է՝
-Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:
Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ:
Պառավն ասում է.
-Փուշը թոնիրն եմ գցել:
Ծիտը կանգնում է, թե՝
-Իմ փուշը ետ տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.
-Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա’յ, լոշը ա’ռ, կաթնի մեջ բրդի’, կե’ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ է գալի, թե՝ լոշս տուր:
Հովիվն ասում է.
-Կերա:
-Չէ,-ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ դուրս թռչեմ:
Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:
Ասում է. -Ի՞նչ եք մոլորել: Ա’յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե՝ իմ գառը տվեք:
Ասում են.- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք:
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:
Ու հարսին առնում է թռչում:
Գնում է, գնում. գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:
Ասում է.- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր:
Աշուղը ասում է.- Հարսը գնաց իրենց տուն:
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:
Աշուղը սազը տալիս է իրեն:
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում ածել ու ճտվտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծիվ, ծիվ:
Մեկ էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:
ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։
— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։
— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։
— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
— Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։
— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
— Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
— Ո՞րտեղ է ընկերդ։
— Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ (ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ)
Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:
Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.
— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը: Продолжить чтение «Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ» →