Մայիսի ընթերցարան

Բոլոր հրաշալի սխալները
Վիլյամ Սարոյան
(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն
Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս
բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք
միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն
բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։
— Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։
— Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։
— Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ — Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։ — Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։
— Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։
— Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, — դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։
— Չեմ նեղանում, — ասաց Լայոնելը, — ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ
արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։
— Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
Լայոնելը դարձավ ընկերոջը։
— Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։
Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը,
Լայոնելն ասաց.
— Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։
Երկու ընկերները տնից դուրս եկան։
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի
լավագույն ընկերները:
2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:
3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու
նեղացնող տղաները զղջան:
4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց
համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Գրադարանում
Վիլյամ Սարոյան
(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրայի գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում  էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.
— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ
կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
— Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
— Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
— Բոլորը,- ասաց Լայոնելը։
— Բոլո՞րը, — հարցրեց գրադարանավարուհին։ — Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
— Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
— Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
— Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ — Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
— Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
— Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։
— Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
— Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
— Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
— Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:
2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:
1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
4. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
5. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Գրադարանում
Վիլյամ Սարոյան
(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։
— Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
— Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։
Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։
— Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի
պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց
գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։
Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։
Փոքր — ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։
— Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ — Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ — Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս,
մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։ Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:
2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:
4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s