Բարոն Մյունխհաուզենի արկածները
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ
Վերադառնալով Անգլիա՝ ես ինձ խոսք տվի, որ այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարեմ, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել:
Բանը այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին չգիտեմ ինչու փչել էր, իբրև թե աշխարհում գոյություն ունի այնպիսի երկիր, ուր հսկաներ են ապրում:
Նա ինձ խնդրեց անպատճառ գտնել այդ երկիրը և փոխարենը խոստացավ մեծ ժառանգություն թողնել ինձ: Նա հսկաներին տեսնել շատ էր ուզում:
Ես համաձայնեցի, նավը սարքավորեցի, և ճանապարհ ընկանք դեպի Հարավային օվկիանոսը:
Ճանապարհին ոչ մի զարմանալի բանի չպատահեցինք, բացի մի քանի թռչող կանանցից, որոնք թիթեռների պես օդում ճախրում էին:
Բայց տասնութերորդ օրը սարսափելի փոթորիկ սկսվեց:
Քամին այնքան ուժեղ էր, որ մեր նավը բարձրացրեց ջրից և բմբլի պես քշեց օդով:
Շարունակ բարձրացնում էր ու բարձրացնում:
Վեց շաբաթ սլանում էինք ամենաբարձր ամպերի վրայով: Վերջապես մի կլոր ու փայլուն կղզի տեսանք:
Դա, իհարկե, Լուսինն էր:
Մենք հարմար նավահանգիստ գտանք և լուսնափը դուրս եկանք:
Ներքևում, հեռու՜, հեռու՜, մենք տեսանք մի ուրիշ մոլորակ, որի վրա քաղաքներ, անտառներ, սարեր, ծովեր և գետեր կային: Մենք գլխի ընկանք, որ դա մեր թողած Երկիրն է:
Լուսնի վրա մեզ շրջապատեցին ինչ – որ հսկաներ, որոնք նստել էին եռագլուխ արծիվների վրա:
Լուսնի բնակիչների համար այդ թռչուններն իբրև ձի էին ծառայում:
Հենց այդ ժամանակ Լուսնի թագավորը պատերազմում էր Արեգակի կայսեր հետ:
Նա իսկույն ինձ առաջարկեց իր բանակի գլուխն անցնել և պատերազմ գնալ, բայց ես, իհարկե, կտրականապես մերժեցի:
Լուսնի վրա ամեն բան շատ ավելի մեծ է, քան մեզ մոտ՝ երկրի վրա:
Այնտեղ ճանճերը ոչխարի չափ են, խնձորը ձմերուկից փոքր չէ:
Զենքի փոխարեն Լուսնի բնակիչները բողկ են գործածում իբրև նիզակ: Իսկ երբ բողկ չկա, նրանք աղավնու ձվերով են կռվում: Վահանի փոխարեն կարմիր ճանճասպան սունկն են գործածում:
Այնտեղ ես տեսա հեռու աստղի մի քանի բնակիչներ: Նրանք եկել էին Լուսնի վրա առևտուր անելու: Նրանց դեմքը շան մռութի էր նման, աչքերն էլ տեղավորված էին կամ քթի ծայրին, կամ քթածակերի տակ: Նրանք արտևանունքներ չունեին, երբ որ պառկում էին քնելու, աչքերը լեզվով էին ծածկում:
Լուսնի բնակիչներն ուտելու վրա բոլորովին ժամանակ չեն կորցնում: Նրանց փորի ձախ կողմում հատուկ դուռ կա: Այդ դուռը բաց են անում և կերակուրը դնում: Հետո դուռը փակում են մինչև մյուս ճաշի ժամանակ, որ լինում է ամիսը մի անգամ:
Նրանք ընդամենը տարեկան տասներկու անգամ են ճաշում:
Այդ շատ հարմար է, բայց դժվար թե երկրային շատակերները համաձայնեն այդքան ուշ – ուշ ճաշել:
Լուսնի բնակիչներն աճում են ուղղակի ծառերի վրա: Այդ ծառերը շատ գեղեցիկ են. Բաց կարմիր գույնի ճյուղեր ունեն: Ճյուղերի վրա չափազանց ամուր կևեղ ունեցող ընկույզ է աճում:
Երբ ընկույզները հասնում են, զգուշությամբ հավաքում են ծառերից և մառանում պահում:
Հենց որ Լուսնի թագավորին մարդիկ են հարկավոր գալիս, հրամայում է այդ ընկույզները եռացող ջրի մեջ գցել:
Մի ժամից հետո ընկույզները պայթում են, և նրանցից դուրս են ցատկում բոլորովին պատրաստի Լուսնի մարդիկ: Այդ մարդիկ սովորելու կարիք չեն զգում: Նրանք միանգամից մեծահասակ են ծնվում, և ամեն մեկն իր արհեստը գիտե: Մի ընկույզից ծխնելույզ մաքրող է դուրս գալիս, մյուսից՝ արգան նվագող, երրորդիվ՝ պաղպաղակ ծախող, չորրորդից՝ զինվոր, հինգերորդից՝ խոհարար, վեցերորդից՝ դերձակ:
Եվ յուրաքանչյուրն իսկույն սկսում է իր գործը՝ ծխնելույզ մաքրողը կտուրն է բարձրանում, նվագողն սկսում է նվագել, պաղպաղակ վաճառողն սկսում է գոչել, «տաք պաղպաղակ, տաք պաղպաղակ» (որովհետև Լուսնի վրա սառույցը կրակից տաք է), խոհարարը դեպի խոհանոցն է վազում, զինվորը դեպի թշնամին հրացան է արձակում:
Ծերանալուց հետո Լուսնի մարդիկ չեն մեռնում, այլ հալվում են օդի մեջ, ինչպես ծուխ կամ գոլորշի:
Նրանց յուրաքանչյուր ձեռքի վրա միայն մի մատ կա, բայց աշխատում են այնպես լավ, ինչպես մենք՝ հինգ մատով:
Նրանք իրենց գլուխը պահում են կռնատակին և տեղ գնալիս թողնում են տանը, որ ճանապարհին չփչանա:
Նրանք կարող են խորհրդակցել իրենց գլխի հետ մինչև անգամ այն դեպքում, երբ շատ հեռու են գտնվում: Սա շատ հարմար բան է:
Երբ թագավորն ուզում է իմանալ, թե ժողովուրդն իր մասին ինչ է մտածում, մնում է տանը, պառկում գահավորակի վրա, իսկ գլուխն աննկատելի կերպով մտնում է ուրիշի տները և լսում բոլոր խոսակցությունները:
Լուսնի խաղողը կարկուտից ոչնչով չի տարբերվում:
Ես չեմ կասկածում, որ այն կարկուտը, որ երբեմն թափվում է, Երկրի վրա, նույն Լուսնի խաղողն է, որ փոթորիկը պոկում է Լուսնի դաշտերից:
Եթե ուզում ես Լուսնի գինու համը տեսնել, մի քանի կարկուտ վերցրեք և թողեք, որ լավ հալչի:
Լուսնի բնակիչների համար փորն իբրև պայուսակ է ծառայում: Նրանք, երբ ուզեն, կարող են փակել կամ բաց անել և մեջն ինչ ուզեն՝ դնեն: Նրանք ոչ ստամոքս ունեն, ոչ փայծաղ, ոչ սիրտ, նրանց ներսը բոլորովին դատարկ է:
Նրանք իրենց աչքերը կարող են հանել ու դնել: Աչքը ձեռքին՝ նրանք այնքան լավ են տեսնում, ինչպես գլխի վրա եղած ժամանակ: Եթե աչքը փչանում է կամ կորչում, նրանք շուկա են գնում ու նորը գնում: Այդ պատճառով էլ Լուսնի վրա աչքավաճառներ շատ կան: Այնտեղ հենց էն է ցուցանակների վրա կկարդաս. «էժան գնով աչքեր են ծախում, տեսակ – տեսակ աչքեր` նարնջագույն, կարմիր, շուշանագույն, կապույտ»: Ամեն տարի Լուսնի բնակիչներն աչքի գույնի նոր մոդա ունեն:
Այն տարին, երբ Լուսնի վրա էի, մոդան կանաչ և դեղին գույնի աչքերն էին:
Բայց ինչու՞ եք ծիծաղում: Մի՞թե դուք կարծում եք, որ ես սուտ եմ ասում:
Ոչ, իմ ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է, իսկ եթե չեք հավատում, ինքներդ գնացեք այնտեղ և դուք կիմանաք, որ ես ինձանից բան չեմ հնարում, այլ միայն ճշմարտություն եմ պատմում:
Աշխատանքային էջ՝Երկրորդ ճանապարհորդությունս դեպի լուսին
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:
Աշխատանքային էջ՝ Արտասովոր եղջերուն
Կ Ե Ս Ձ Ի Ն
Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս, ամենից առաջ ես էի գնում:
Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ինչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:
Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:
Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել:
Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:
Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:
Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:
-Նա այնտեղ արածում է, — հայտնեց զինվորս:
-Արածում է: Չի կարող պատահել:
-Ինքներդ տեսեք:
Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:
Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:
Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:
Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:
Աշխատանքային էջ՝Կես ձին
ՓՈԹՈՐԻԿ
ՓՈԹՈՐԻԿ
Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ: Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:
— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:
Աշխատանքային էջ՝Փոթորիկ
ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ
Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։
Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։
Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։
Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։
Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։
Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։
Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։
Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։
Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։
Աշխատանքային էջ՝Ութոտնուկ նապաստակը
Տարօրինակ հարցեր
Ջաննի Ռոդարի
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Աշխատանքային էջ՝ Տարօրինակ հարցեր
Աչքերի գանգատը
Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով:
Աշխատանքային էջ՝ Աչքերի գանգատը
Մեծ գյուտարարը
Ջաննի Ռոդարի
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
Աշխատանքային էջ՝ Մեծ գյուտարարը