Փետրվարի ընթերցարան

Անբան Հուռին

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։
Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ, ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կռկռում են։  — Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․

— Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։

— Դե գզեցե՛ք, մանեցե′ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են,

— Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․

— Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․

— Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․

Զոքանչը թե․

— Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Հովհաննես Թումանյան

Չարի վերջը

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ

Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։

Ախ դու Կկու, հիմար Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
— Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Աշխատանքային էջը՝ Չարի վերջը

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Մուլտֆիլմն՝ այստեղ:

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Աշխատանքային էջը՝ Խոսող ձուկը

Ձախորդ Փանոս

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը՝ Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած—չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։

Ասածն արած է։

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում—թրըխկ հա թրըխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է՝ մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ, չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի․ բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է՝ կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է՝ էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում, գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում․ «Ի՞նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՞ւր գնամ»։

Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ։

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։

Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի՝ ով կա, ով չկա․ հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։

Փանոսը ցավից վայ—վայ անելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է՝ շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա՝ սա սատանա է։

Բավական տեղ ղչրղու տալով, հայհոյելով, հարա—հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում։  Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում․ գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված,ինքը չկա,

Դես Փանոս, դեն Փանոս․ հարցուփորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։

— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

Թե ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափի վեր ածած էր, հավաքեցի, բերի։

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ Փանո՜ս, Փանո՜ս, Փանոսը չկա։

Վճռում են, որ Փանոսը խեղդվել է։

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում․ հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մուլտֆիլմն՝ այստեղ:

Աշխատանքային էջ՝ Ձախորդ Փանոսը

Տերն ու ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Կարճամետրաժ ֆիլմն՝ այստեղ:

 

Բարեկենդան

(տեղեկատվական)

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Բարեկենդանը նաև ազատության օր էր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, իսկ ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Աշխատանքային էջ՝ Բարեկենդան․ տեղեկատվական 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s