Հունվարի ընթերցարան

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Էրիխ Ռասպե

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

 

Մեղուների հովիվը և արջերը

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Աշխատանքային էջ`Մեղուների հովիվն ու արջերը

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Աշխատանքային էջ՝Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Պատժված ագահությունը

Այդպիսի դժվարությամբ ձեռք բերած փորձը մարդուն խելոքացնում է։

Դեպի լուսինը ճանապարհորդություն կատարելուց հետո ես մեղուներին արջերից ազատելու համար ավելի հարմար միջոց գտա։

Սայլի լծափայտին մեղր քսեցի և մոտը թաքնվեցի։

Հենց որ մթնեց, սայլին մոտեցավ մի հսկա արջ և սկսեց ագահաբար լծափայտին քսած մեղրը լիզել։ Բկլիկը չնկատեց, որ լծափայտը մտավ կոկորդը, հետո ստամոքսը և, վերջիվերջո, հետևից դուրս եկավ։

Հենց դրան էլ սպասում էի։

Ես վազեցի սայլի մոտ և լծափայտին, արջի հետևից, մի հաստ ու երկար մեխ խփեցի։ Արջը անց էր կացված լծափայտի վրա, էլ այս ու այն կողմ դառնալ չէր կարող։ Այդ դրության մեջ նրան թողեցի մինչև առավոտ։

Առավոտյան այս մասին ինքը թուրքական սուլթանն իմացավ ու եկավ զարմանալի խորամանկությամբ բռնած արջը տեսնելու։ Նա երկար նայեց և թուլանալու չափ ծիծաղեց։

Փոթորիկ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերով և օվկիանոսներով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս՝ բմբուլի չափ էին թվում։

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։

Զարմանալի ծառեր են, այնպես չէ՞։

Ասենք մի ծառ բոլորովին չվերադարձավ։

Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել։

Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և գեղջկուհին շատ չաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, մժեղի նման տրորեց՝ նրան։

― Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։

ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

― խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։

Կոկորդիլոսի և առյուծի միջև

Երբ փոթորիկը վերջացավ, մենք խարիսխը բարձրացրինք և երկու շաբաթից հետո հաջողությամբ հասանք Ցեյլոն կղզին։

Ցեյլոնի նահանգապետի ավագ որդին ինձ առաջարկեց միասին որսի գնալ։

Ես մեծ հաճությամբ համաձայնեցի։

Մենք ճանապարհ ընկանք դեպի մոտակա անտառը։ Սաստիկ շոգ էր, և պետք է խոստովանեմ, որ եղանակին սովոր չլինելով, շուտով քնեցի։

Իսկ նահանգապետի որդին, որը մի ուժեղ երիտասարդ էր, իրեն շատ լավ էր զգում, նա Ցեյլոնում ապրում էր մանկությունից։

Ցեյլոնի արեգակը նրա համար նշանակություն չուներ, և նա կայտառ քայլում էր շիկացած ավազի միջով։

Ես նրանից ետ մնացի և շուտով անտառի խորքում մոլորվեցի։ Գնում եմ և ինչ-որ ձայն եմ լսում։ Ետ եմ նայում ու տեսնում, որ իմ առջև մի աժդահա առյուծ է կանգնած, որը բերանը բաց է արել և ուզում է ինձ կտոր-կտոր անի։

Ի՞նչ անեի։

Հրացանս լցրած էր մանր կոտորակով, որով կաքավ էլ չես սպանի։ Հրացանս արձակեցի, բայց կոտորակը միայն գրգռեց կատաղի գազանին, և նա կրկին կատաղությամբ ինձ վրա հարձակվեց։

Ես սարսափած սկսեցի փախչել, գիտակցելով, որ փախուստն իզուր է, որ գազանը մի ոստյունով կհասնի ինձ և կտոր-կտոր կանի։ Բայց ո՞ւր փախչեի։ Իմ առաջ գտնվում էր մի հսկա կոկորդիլոս, որը, բերանը բաց, պատրաստ էր նույն վայրկյանին ինձ կուլ տալու։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։

Առջևից՝ կոկորդիլոս, հետևից՝ առյուծ, ձախից՝ լիճ, աջից՝ թունավոր օձերով լիքը ճահիճ։

Մահվան երկյուղով բռնված, ընկա խոտերի վրա և, աչքերս փակած, անխուսափելի մահվան պատրաստվեցի։

Եվ հանկարծ իմ գլխից վերև կարծես մի ինչ-որ բան գլորվեց ու դղրդաց։

Աչքերս բաց արի, և իմ առաջ մի զարմանալի տեսարան բացվեց, որն ինձ մեծ ուրախություն պատճառեց։

Բանից դուրս եկավ, որ առյուծը, ցանկանալով ինձ վրա հարձակվել այն վայրկյանին, երբ ես ընկել եմ խոտի վրա, վրայովս թռել է, ուղիղ կոկորդիլոսի բերանն ընկել։

Մի գազանի գլուխը գտնվում էր մյուս գազանի կոկորդում, և երկուսն էլ ուժերը լարում էին, որ իրարից ազատվեն։

Ես վեր թռա, որսորդական դանակս հանեցի և մի զարկով առյուծի գլուխը թռցրի։ Նրա անկենդան մարմինն ընկավ իմ ոտքերի մոտ։

Հետո, ժամանակ չկորցնելով, հրացանս առա և նրա կոթով սկսեցի զարկել առյուծի գլխին, որ ավելի խոր մտնի կոկորդիլոսի բերանը այնպես, որ կոկորդիլոսը վերջիվերջո խեղդվեց։

երբ նահանգապետի որդին վերադարձավ, շնորհավորեց իմ տարած հաղթանակը անտառի երկու հսկաների դեմ։

Հանդիպում կետ ձկան ձետ

Այս բոլորից դուք կարող եք հասկանալ, որ Ցեյլոնն ինձ շատ դուր եկավ։

Ես զինվորական նավ նստեցի և ճանապարհ ընկա դեպի Ամերիկա, ուր ո՛չ կոկորդիլոսներ կան, ո՛չ առյուծներ։

Տասն օր մենք լողում էինք առանց արկածների, բայց հանկարծ Ամերիկայի մոտ մեզ փորձանք պատահեց, մենք ընդհարվեցինք ծովային ժայռի։

Զարկն այնքան ուժեղ էր, որ կայմի վրա նստած նավաստին ընկավ ծովը՝ երեք մղոն ափից հեռու։

Բարեբախտաբար, ջուրն ընկնելիս, նա կարողացավ բռնել մոտիկից թռչող կարմիր ձկնկուլի կտցից, և ձկնկուլն օգնեց նրան մնալ ջրի երեսին, մինչև որ մենք վրա հասանք ու վերցրինք։

Մենք ժայռին ընդհարվեցինք այնպես անսպասելի կերպով, որ ես չկարողացա ոտքի վրա մնալ, վեր թռա և գլուխս խփեցի իմ նավասենյակի առաստաղին։

Այդ պատճառով գլուխս խրվեց ստամոքսիս մեջ, և միայն մի քանի ամսվա ընթացքում քիչ-քիչ կարողացա դուրս հանել՝ մազերիցս ձգելով։

Պարզվեց, որ մենք ոչ թե ժայռին ենք ընդհարվել, այլ մի հսկա կետ ձկան, որը հանդարտ ննջում էր ջրի վրա։

Երբ ընդհարվեցինք կետ ձկանը, նա զարթնեց և այնպես բարկացավ, որ ատամներով բռնեց մեր նավի խարսխից և ամբողջ օրը, առավոտից մինչև գիշեր, քստշ էր տալիս օվկիանոսով մեկ։

Մեր բախտից, վերջիվերջո խարսխի շղթան կտրվեց, և մենք կետ ձկից ազատվեցինք։

Ամերիկայից վերադառնալիս, մենք կրկին հանդիպեցինք այդ կետ ձկանը։ Նա մեռած-ընկած էր ջրի վրա և կես մղոն չափ տարածություն էր գրավում։

Այդ հսկային մեր նավը քարշ տալու մասին մտածել իսկ չարժեր։ Այդ պատճառով մենք կտրեցինք միայն կետ ձկան գլուխը և ինչքան ուրախացանք, երբ տախտակամածի վրա դնելով, նրա բերանի մեջ գտանք և մեր խարիսխը և քառասուն մետր նավի շղթա, որն ամբողջությամբ տեղավորվում էր նրա մի փտած ատամի խոռոչում։

Բայց մեր ուրախությունը երկար չտևեց, մենք նկատեցինք, որ մեր նավը ծակվել է, և ջուրը լցվել է նավանբարը։

Նավն սկսեց ընկղմվել։

Բոլորը գլուխները կորցրին, գոռում, գոչում, լաց էին լինում։

Ես իսկույն գտա, թե ինչ պետք է անել։ Մինչև անգամ վարտիքս էլ չհանելով, նստեցի ուղիղ անցքի վրա և իմ հետույքով փակեցի։

Նավը փրկված էր։

Ութոտանի նապաստակը

Այո, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի Նրա հետևից։

Ձին սեղանի վրա

Կարծեմ իմ ձիերի մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել։ Սակայն նրանց հետ էլ ինձ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Ինչ որ պիտի պատմեմ, պատահել է Լիտվայում։ Ես հյուր էի գնացել իմ մի ծանոթի մոտ, որը ձիեր շատ էր սիրում։

Եվ, ահա, երբ հյուրերին ցույց էր տալիս իր ամենալավ ձին, որով նա շատ էր պարծենում, ձին սանձը կտրեց, չորս ձիապանների գլորեց ցած և սկսեց գժի նման բակում վազել։

Երկյուղից բոլորը փախան։

Մի համարձակ մարդ չգտնվեց, որ մոտենա կատաղած կենդանուն։

Ե՛ս միայն գլուխս չկորցրի, որովհետև զարմանալի քաջ լինելով, փոքրուց կարողանում եմ սանձահարել ամենակատաղած ձիերին։

Մի ոստյունով թռա նրա մեջքին և մի վայրկյանում սանձահարեցի։ Ձին միանգամից զգալով իմ ուժեղ ձեռքը՝ փոքրիկ երեխայի նման հնազանդվեց ինձ։

Հանդիսավոր կերպով պտտվեցի ողջ բակով և հանկարծ ցանկացա ցույց տալ իմ արվեստը կանանց, որոնք այդ ժամանակ սեղանի շուրջը նստած թեյ էին խմում։

Ինչպե՞ս անեի։ Շատ հասարակ կերպով։

Ձիու գլուխն ուղղեցի դեպի պատուհանը և քամու արագությամբ սեղանատուն թռա։

Կանայք սկզբում շատ վախեցան։ Բայց ես ստիպեցի ձիուն թռչել թեյի սեղանի վրա, և բաժակների ու պնակների արանքով այնպես շրջեցի, որ ոչ մի բաժակ, ոչ մի պնակ անգամ չկոտրեցի։

Այս բանը կանանց շատ դուր եկավ։ Նրանք սկսեցին ծիծաղել ու ծափահարել, և ծանոթս իմ ճարպկությունից հիացած, խնդրեց ընդունել այդ հրաշալի ձին իբրև նվեր։

Այդ նվերով ես շատ ուրախացա, որովհետև պատրաստվում էի պատերազմ գնալ և վաղուց ուզում էի այդպիսի ձի գտնել։

Մի ժամից հետո, նոր ձին նստած, սլանում էի դեպի Թուրքիա, որտեղ այդ ժամանակ սարսափելի պատերազմ էր։

 

Գիրքն ամբողջությամբ՝այստեղ

Սուրբ ծննդյան հեքիաթ. Երեք մայրիներ

Պաուլո Կուելո

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ՝ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը,- ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ, ինձ նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և, ահա, անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Սուրբ ծննդյան հեքիաթ. Սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար:  Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Եղևնին

Հանս Քրիստիան Անդերսեն

Մաս 1

Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ-ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք եղևնու տակ նստում էին հանգստանալու և միշտ ասում.

— Էս ի՜նչ սիրուն եղևնի է։ Որքա՜ն փոքրիկ է։

Բայց ծառը այսպիսի խոսքեր լսել անգամ չէր ուզում։

Անցավ մի տարի, և եղևնու վրա աճեց ճյուղերի մի նոր շրջան։ Անցավ էլի մի տարի, ճյուղերի մի շրջան էլ ավելացավ։ Այսպես ճյուղերի շրջաններով կարելի էր որոշել, թե եղևնին քանի տարեկան է։

— Ա՜հ, եթե ես այնքան մեծ լինեի, որքան մյուս ծառերը,- հառաչում էր եղևնին,- այն ժամանակ ես էլ լայն կփռեի իմ ճյուղերը, իսկ գագաթս հեռո՜ւ-հեռուները կդիտեր։ Թռչունները բույներ կհյուսեին իմ ճյուղերի մեջ, իսկ քամին փչելիս ես էլ այնպես հպարտ-հպարտ գլխով կանեի, ինչպես մյուսները։

Եվ ո՛չ արեգակը, ո՛չ թռչունների երգը, ո՛չ վարդագույն ամպերը, որոնք առավոտյան ու երեկոյան լող էին տալիս նրա գլխավերևով՝ ոչ մի բավականություն չէին պատճառում նրան։

Եկավ ձմեռը, շուրջն ամեն ինչ ծածկվեց կուրացուցիչ սպիտակ ձյան գորգով, մեկ էլ հանկարծ՝ ձյան վրա վազվզում էր նապաստակը, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ ցատկում եղևնու վրայով. այ թե վիրավորական բան էր, հա՜։ Էլի երկու ձմեռ անցավ, և երրորդին ծառն արդեն այնքան էր մեծացել, որ նապաստակն ստիպված էր լինում նրա կողքովն անցնել։

«Այո՛, աճել ու աճել և շուտով դառնալ մեծ ու ծերունի ծառ։ Դրանից լավ ի՞նչ կարող է լինել»,- մտածում էր եղևնին։

 Մաս 2

Աշնանն անտառում փայտահատներ էին երևում և կտրում էին ամենամեծ ծառերը։ Դա ամեն տարի էր լինում։ Այժմ արդեն եղևնին մեծացել էր և, երբ հսկա ծառերն աղմուկով ու ճռճռոցով գետնին էին թափվում՝ նա վախից դողում էր։ Այդ ծառերի ճյուղերը կտրատում էին, և այդ ժամանակ նրանց բները այնպես մերկ, բարակ ու երկար էին թվում, որ դժվար էր ճանաչել։ Հետո գերանները դարսում էին բեռնասահնակների վրա և անտառից տանում։

Ո՞ւր, ինչի՞ համար։

Գարնանը, երբ ծիծեռնակներն ու արագիլները թռան-եկան, եղևնին նրանց հարցրեց.

— Դուք չե՞ք իմանում, թե ո ւր տարան այստեղից ծառերը։ Ձեզ չե՞ն հանդիպել։

Ծիծեռնակները ոչինչ չգիտեին, բայց արագիլներից մեկը մտածեց, գլխով արեց ու պատասխանեց.

— Այո՛, կարծում եմ, որ ես գիտեմ։ Եգիպտոսից գալիս ծովի վրա ես շատ նոր-նոր նավեր տեսա, որոնք հիանալի բարձր կայմեր ունեին։ Երևի, դրանք հենց այդ ծառերն էին։ Կայմերից եղևնու և սոճու բուրմունք էր գալիս։ Ես ձեզ ողջույն եմ բերել այդ պատկառելի կայմերից։

— Ա՜հ, ինչ կլիներ՝ ես էլ շուտ մեծանայի ու ծովում ճամփորդել սկսեի։ Իսկ ի՞նչ բան է այդ ծովը։ Ինչի՞ է նման։

— Է՜, դա արդեն երկար պատմելու բան է,- փնթփնթաց արագիլն ու թռավ գնաց։

— Դու քո ջահելությամբ ուրախացիր,— ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։— Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։

Եվ քամին համբուրում էր ծառին, իսկ ցողն արցունքներ էր թափում նրա վրա, բայց եղևնին դա չէր գնահատում։

Մաս 3

Ծննդյան տոներից առաջ մի քանի բոլորովին ջահել եղևնի կտրեցին։ Դրանցից մի քանիսը նույնիսկ փոքր էին մեր եղևնուց, որն այնքա՜ն անհամբերությամբ ուզում էր մեծանալ։ Բոլոր կտրված ծառերը շատ սիրուն էին։ Դրանց ճյուղերը չկտրեցին, այլ ուղղակի դրին բեռնասահնակի վրա ու տարան։

— Այդ ո՞ւր,— հարցրեց եղևնին։— Նրանք ինձանից մեծ չեն, մեկը նույնիսկ ինձանից էլ փոքր է։ Եվ ինչո՞ւ բոլոր ճյուղերն իրենց վրա թողին։ Ո՞ւր տարան։

— Մենք գիտե՛նք, մենք գիտե՛նք,— ծվծվացին ճնճղուկները։— Մենք եղանք քաղաքում և լուսամուտներից ներս նայեցինք։ Մենք գիտենք, թե ուր են տարել։ Նրանք փառքի մեջ կընկնեն, նրանց այնպիսի պատիվ կտան, որ անհնար է պատմել։ Մենք լուսամուտներից ներս ենք նայել և ամեն ինչ տեսել։ Նրանց դրել էին սենյակի մեջտեղը և զարդարել ամենահրաշալի բաներով՝ ոսկեզօծած խնձորներով, մեղրահացերով, խաղալիքներով և հարյուրավոր մոմերով։

— Իսկ հետո՞,— հարցրեց եղևնին՝ իր բոլոր ճյուղերով դողալով։— Իսկ հետո՞… Հետո ի՞նչ արին նրանց։

— Այդ մենք չգիտենք։ Բայց այն, ինչ տեսել ենք՝ մի սքանչելի բան էր։

— Գուցե թե՝ ես էլ այդ փայլուն ճանապարհն ընկնեմ,— ուրախանում էր եղևնին։— Դա ավելի լավ է, քան ծովում լող տալը։ Ա՜հ, ես ուղղակի հալվում եմ թախծից ու անհամբերությունից։ Գոնե Ծննդյան տոնը շուտ գար։ Հիմա ե՛ս էլ եմ բարձրահասակ ու ճյուղառատ, ինչպես այն եղևնիները, որոնց անցյալ տարի կտրեցին։ Ա՜հ, եթե ես արդեն բեռնասահնակի վրա պառկած լինեի։ Ա՜հ, եթե ես արդեն տաք սենյակում կանգնած լինեի և զարդարված այդ բոլոր չքնաղ բաներով։ Իսկ հետո՞… Հետո, երևի, է՛լ ավելի լավ կլինի, թե չէ ինչո՞ւ պիտի զուգեն ինձ։ Բայց, այնուհանդերձ, ի՞նչ կլինի։ Ա՜հ, ինչպե՜ս եմ տխրում Ես, ձգտում այնտեղ… Չեմ դիմանում։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։

— Ուրախացի՛ր մեզանով,— ասացին նրան օդն ու արեգակի լույսը։— Ուրախացի՛ր քո ջահելությամբ և անտառի լայնարձակությամբ։

Բայց եղևնին չէր էլ մտածում ուրախանալ, այլ շարունակ աճում էր ու աճում։ Ամառ թե ձմեռ, նա կանգնած էր իր մուգ կանաչ հագուստով և, ով էլ տեսնում էր նրան, ասում էր. «Ի՜նչ հիանալի մատղաշ ծառ է»։

Մաս 4

Վերջապես, Ծննդյան տոնը եկավ, և առաջինը մեր եղևնին կտրեցին։ Կացինը խորը խրվեց նրա մարմնի մեջ, և եղևնին տնքոցով ընկավ գետնին։ Նա ցավ զգաց, թուլացավ ու այլևս չէր կարողանում մտածել իր ապագա երջանկության մասին։ Տխուր էր նրա համար բաժանվելը հարազատ անտառից, այն անկյունից, որտեղ աճել, մեծացել էր. նա գիտեր, որ այլևս երբեք չի տեսնելու իր սիրելի բարեկամներին՝ եղևնիներին ու սոճիներին, թփերին ու ծաղիկներին, գուցե թե՝ նաև թռչնակներին։ Ի՜նչ տխուր ճամփորդություն էր դա։

Եղևնին ուշքի եկավ այն ժամանակ, երբ ուրիշ ծառերի հետ ընկել էր ինչ-որ բակ. լսվում էր մի տղամարդու ձայն.

— Հիանալի՜ տոնածառ է։ ճիշտ և ճիշտ այսպիսի՛ն էինք ուզում մենք։

Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։ Եղևնին խրեցին ավազով լի մի մեծ տակառի մեջ, որը փաթաթել էին կանաչ կտորով ու դրել նախշուն գորգի վրա։ Ինչպե՜ս էր դողդողում եղևնին։ Հիմա ի՞նչ է լինելու։

Ահա՛ եկան ծառաներն ու ջահել աղջիկները և սկսեցին ծառը զարդարել։ Նրա ճյուղերին կախեցին գունավոր թղթից կտրտված մանրիկ ցանցեր՝ քաղցրեղենով լի, իսկ ոսկեզօծած խնձորներն ու ընկույզները, ասես, հենց ճյուղերի վրա էին բուսնել։ Կանաչ փշատերևների տակ տիկնիկներ էին ճոճվում, որոնք, կարծես, իսկ և իսկ կենդանի մարդուկներ լինեին։ Եղևնին դեռ երբեք այդպիսի բաներ չէր տեսել։ Վերջապես ճյուղերին ամրացրին հարյուրավոր մանր մոմեր՝ կարմիր, կապույտ, սպիտակ, իսկ ծառի գագաթին տնկեցին նուրբ թերթոսկուց շինված մի մեծ աստղ։ Մարդու աչքերը պարզապես շաղվում էին այդ շքեղությանը նայելիս։

— Ինչպե՜ս կշողշողա, կփայլփլի տոնածառն այսօր երեկոյան, երբ մոմերը վառեն,— ասում էին բոլորը։

«Ա՜հ,— մտածում էր եղևնին,— գոնե մի շո՛ւտ գար երեկոն, և մոմերը վառեին։ Բայց հետո ի՞նչ է լինելու։ Գուցե թե անտառի մյուս ծառե՞րն էլ կգան այստեղ, որ ինձ նայեն ու հիանան։ Գուցե ճնճղուկնե՞րը կթռչեն կգան լուսամուտների մոտ։ Կամ, գուցե ես կարմատակալեմ այս տակառի մեջ և ամառ-ձմեռ այսպես գուգված-զարդարված կմնամ այստեղ»։

Չէ՛ մի չէ՛, ախորժակիդ քացախ… Լարված սպասումից նույնիսկ նրա կեղևն սկսեց ցավել, իսկ այդ ցավը ծառի համար նույնքան անտանելի է, որքան գլխացավը մեզ համար։

Բայց ահա և մոմերը վառեցին։ Ի՜նչ փայլ, ի՜նչ շքեղություն։ Եղևնու բոլոր ճյուղերը դողդողացին, և այդ ժամանակ մոմերից մեկը վառեց փշատերևները և, ճյուղն այրելով՝ խիստ ցավ պատճառեց ծառին։

— Ա՜յ, ա՜յ,— գոռացին օրիորդները և շտապ կրակը հանգցրին։

Մաս 5

Այժմ եղևնին չէր համարձակվում դողալ։ Ինչպե՜ս վախեցավ նա։ Մանավանդ՝ այն պատճառով, որ վախենում էր զրկվել թեկուզ ամենափոքրիկ զարդից։ Այդ ամբողջ փայլը նրան ուղղակի շշմեցրել էր։ Բայց, ահա, դուռը լայն բացվեց, և երեխաների մի ամբողջ բազմություն սենյակը լցվեց. կարելի էր կարծել, թե նրանք ուզում են եղևնին տապալել։ Նրանց հետևից ծանրաբարո քայլվածքով ներս մտան մեծահասակները։ Մանուկները մեխվածի պես կանգ առան, բայց միայն մի րոպե, իսկ հետո այնպիսի աղմուկ-աղաղակ բարձրացրին, որ մարդու ականջներն էին զնգում։ Երեխաները պարում էին տոնածառի շուրջը և ամեն րոպե ծառից պոկում մերթ մի զարդարանքը, մերթ՝ մյուսը։

«Այս ի՞նչ են անում,— վախեցած մտածում էր եղևնին։— Սա ի՞նչ է նշանակում»։

Մոմերն այրվելով հասան ճյուղերին, նրանց իրար հետևից հանգցրին, իսկ երեխաներին թույլատրեցին ծառը պլոկել։ Եթե գագաթի ոսկե աստղը ամուր կապված չլիներ առաստաղին՝ երեխաները ծառը կտապալեին։

Հետո նրանք նորից սկսեցին պարել՝ ձեռքից բաց չթողնելով իրենց սքանչելի խաղալիքները։ Այլևս ոչ ոք եղևնուն չէր նայում, բացի պառավ դայակից, նա էլ միայն նայում էր, որ տեսնի՝ ճյուղերին խնձոր կամ խուրմա չի՞ մնացել։

— Հեքիա՜թ, հեքիա՜թ,— գոռացին երեխաները և քաշքշելով եղևնու մոտ բերին մի կարճահասակ, հաստլիկ մարդու։

Սա ծառի տակ նստեց ու ասաց.

— Ահա՛ և մենք անտառումն ենք։ Թող եղևնին էլ լսի, դա նրան օգուտ կտա։ Բայց ես միայն մի հեքիաթ կպատմեմ։ Ո՞րն եք ուզում, Իվեդե-Ավեդեի՞ հեքիաթը, թե՞ Կլումպե-Դումպեի, որը թեպետև սանդուղքից ցած գլորվեց, բայց և այնպես՝ մեծ հռչակի հասավ ու ձեռք բերեց արքայադստերը։

— Իվեդե-Ավեդեի՜նը,— գոռացին ոմանք։

— Կլումպե-Դումպեի՜նը,— գոռացին մյուսները։

Աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Միայն եղևնին էր, որ լուռ կանգնած մտածում էր. «Ինձ մոռացե՞լ են, թե՞ այլևս ոչ ոք ինձ հետ գործ չունի»։

Եվ հենց այդպես էլ կար. նրա դերը վերջացել էր, և ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում։

Հաստլիկ մարդը պատմեց հեքիաթը Կլումպե-Դումպեի մասին, որը, թեև սանդուղքից ցած է գլորվել, բայց և այնպես հռչակի է հասել ու ձեռք է բերել արքայադստերը։

Երեխաները ծափահարեցին ու գոռացին.

— Էլի՜, էլի՜։

Նրանք ուզում էին Իվեդե-Ավեդեի հեքիաթն էլ լսել, բայց ստիպված եղան գոհանալ միայն Կլումպե-Դումպեով։

Մաս 6

Եղևնին կանգնած էր լուռ ու մտախոհ։ Անտառի թռչնակները երբեք այսպիսի բան չէին պատմել։ «Կլումպե-Դումպեն սանդուղքից ցած է գլորվել, բայց և այնպես՝ արքայադուստրը նրա՛ն է բաժին ընկել։ Ա՜յ թե ինչեր են լինում աշխարհում,— մտածում էր եղևնին։ Նա հավատացել էր այն ամենին, ինչ հենց նոր լսեց. չէ՞ որ պատմողը մի այնպիսի՜ պատկառելի մարդ էր։— Այո՛, այո՛, ո՞վ է իմանում։ Գուցե թե ես էլ ցած ընկնեմ սանդուղքից, իսկ հետո արքայադուստր դառնամ,— և նա ուրախ մտածում էր վաղվա օրվա մասին։ Իրեն նորից կզարդարեն մոմերով, խաղալիքներով ու մրգերով։— Վաղն արդեն ես չեմ դողդողա,— մտածում էր նա։— Ես ուզում եմ, ինչպես հարկն է, ի՛նքս տեսնեմ իմ գեղեցկությունը և հիանամ։ Եվ վաղը ես նորից կլսեմ Կլումպե-Դումպեի հեքիաթը, գուցե թե՝ Իվեդե-Ավեդեի հեքիաթը նույնպես»։— Եվ ծառն ամբողջ գիշերը կանգնեց՝ երազելով վաղվա օրվա մասին։

Առավոտյան եկան ծառաներն ու սպասուհին։ «Հիմա կսկսեն նորից զարդարել ինձ»,— մտածում էր եղևնին։ Բայց նրան սենյակից դուրս տարան, սանդուղքով վերև քաշեցին և խցկեցին ձեղնահարկի ամենամութ անկյունը, ուր նույնիսկ ցերեկվա լույսը չէր թափանցում։

«Այս ի՞նչ է նշանակում,— մտածում էր եղևնին։— Ի՞նչ եմ անելու ես այստեղ։ Ի՞նչ կարող եմ տեսնել ու լսել այստեղ»։— Եվ նա, պատին հենված, մտածում էր ու մտածում… Մտածելու համար ժամանակ շատ ուներ։ Օրերն անցնում էին իրար հետևից, բայց ոչ ոք նրան չէր մոտենում։ Միայն մի անգամ մարդիկ եկան և մի արկղ բերին։ Ծառը կանգնած էր իր տեղում և, կարծես, նրան բոլորովին մոռացել էին։

«Դուրսը ձմեռ է,— մտածում էր եղևնին։— Գետինն ամրացել է և ձյունով ծածկվել, նշանակում է՝ չի կարելի ինձ նորից տնկել հողի մեջ, ահա այդ պատճառով էլ ստիպված եմ մինչև գարուն մնալ տանիքի տակ։ Ի՜նչ խելոք բան են մտածել։ Որքա՜ն բարի են մարդիկ։ Ա՜հ, եթե միայն այստեղ այսքան մութ չլիներ ու այսպես անտանելի ամայի… Նույնիսկ մի նապաստակ էլ չկա… Իսկ անտառում որքա՜ն ուրախ էր։ Շուրջդ՝ ձյուն, իսկ ձյան վրա նապաստակներն էին վազվզում։ Որքա՜ն լավ էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք իմ վրայով էին ցատկում, թեև դա ինձ բարկացնում էր։ Իսկ այստեղ ի՜նչ մենակություն է»։

Մաս 7

— Ծը՛վ-ծը՛վ-ծը՛վ,— հանկարծ ճստաց մի մկնիկ և դուրս պրծավ բնից, իր հետևից էլ՝ մի ուրիշ պստլիկը, նրանք սկսեցին ծառը հոտոտել ու նրա ճյուղերի արանքով վազվզել։

— Ա՜յ թե ցուրտ է այստեղ,— ծվծվում էին մկնիկները։— Թե որ մի քիչ տաք լիներ՝ ի՜նչ լավ կլիներ։ Ճիշտ չե՞մ ասում, պառավ եղևնի։

— Ես ամենևին էլ պառավ չեմ,— պատասխանեց եղևնին։— Ինձանից հասակով շատ ծառեր կան։

— Դու որտեղի՞ց ես եկել և ի՞նչ բան գիտես,— հարցրին մկնիկները, որոնք շատ հետաքրքրասեր բնավորություն ունեին։— Պատմի՛ր մեզ՝ աշխարհում ո՞րն է ամենալավ տեղը։ Դու եղե՞լ ես այնտեղ։ Երբևիցե դու եղե՞լ ես մառանում, որտեղ դարակներին պանրի գլուխներ են դարսված, իսկ առաստաղից ապուխտներ են կախված, և որտեղ կարելի է պարել ճարպի մոմերի վրա։ Նիհարած մտնես այնտեղ՝ դուրս կգաս չաղացած։

— Չէ, ես այդպիսի տեղ չգիտեմ,— պատասխանեց եղևնին։— Բայց գիտեմ մի անտառ, որտեղ արև է, և թռչուններ են երգում։— Եվ նա պատմեց իր պատանեկության մասին։ Մկնիկները երբեք այդպիսի բան չէին լսել և շատ էին զարմանում։

— Ինչքա՜ն շատ բան ես տեսել,— ծվծվացին նրանք։— Ի՜նչ երջանիկ ես եղել։

— Երջանի՞կ,— կրկնեց եղևնին և հիշեց այն ժամանակը, որի մասին հենց նոր խոսում էր։— Այո, թերևս, այն ժամանակ ես վատ չէի ապրում։

Հետո նա պատմեց այն օրվա մասին, երբ իրեն զարդարել էին մոմերով ու քաղցրավենիքով։

— Օ՜,— ծվծվացին մկնիկները։— Ի՜նչ երջանիկ ես եղել, պառա՛վ եղևնի։

— Ես ամենևին էլ պառավ չեմ,— առարկեց եղևնին։— Ինձ հենց այս ձմեռ են բերել անտառից։ Իմ լավ ժամանակն է։ Դեռ նոր եմ միայն մեծացել։

— Ի՜նչ լավ ես պատմում,— գոչեցին մկնիկները և մյուս գիշեր իրենց հետ բերին էլի չորս մկնիկ, որ նրանք էլ լսեն եղևնու պատմությունները։ Իսկ եղևնին ինքը, որքան ավելի էր պատմում, այնքան ավելի պարզ էր պատկերացնում իր անցյալը, և նրան թվում էր, թե շատ լավ օրեր է անցկացրել։

— Բայց այդ օրերը կվերադառնան։ Կվերադառնա՛ն։ Ա՛յ, Կլումպե-Դումպեն էլ սանդուղքից գլորվեց, բայց և այնպես արքայադուստրը նրան բաժին ընկավ։ Գուցե թե ես էլ արքայադուստր դառնամ։

Այդ ժամանակ եղևնին հիշեց այն գեղեցիկ կեչին, որ աճել էր իրենից ոչ հեռու, անտառի թավուտում։ Իսկակա՜ն գեղեցկուհի արքայադուստր։

— Ո՞վ է այդ Կլումպե-Դումպեն,— հարցրին մկնիկները։

Եվ եղևնին նրանց պատմեց այդ հեքիաթը, որը բառ առ բառ հիշում էր։ Մկնիկներն այնքան էին հիացած, որ ցատկում էին համարյա մինչև ծառի գագաթը։ Հաջորդ գիշեր եկան էլի մի քանի մկներ, իսկ կիրակի օրը՝ նույնիսկ երկու առնետ։ Առնետներին հեքիաթն ամենևին էլ դուր չեկավ, և դա վշտացրեց մկներին, բայց այժմ նրանք էլ այնքան չէին հիանում, որքան առաջին անգամ։

— Դուք հենց միայն այդ պատմությո՞ւնը գիտեք,— հարցրին առնետները։

— Միա՛յն,— պատասխանեց եղևնին։— Ես սա լսել եմ իմ կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Ի դեպ, այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ իմ ամենաերջանիկ երեկոն է։

— Վերին աստիճանի ողորմելի պատմություն է։ Իսկ դուք հեքիաթներ չգիտե՞ք ճարպի կամ ճարպամոմերի մասին, կամ թե՝ մառանի մասին։

— Չէ,— պատասխանեց ծառը։

— Դե՛, մնաք բարով,— ասացին առնետները և հեռացան։

Մկներն էլ դեսուդեն փախան։ Եվ եղևնին հառաչեց.

— Ինչքա՜ն հաճելի էր, երբ ժիր մկնիկները շուրջս նստած լսում էին իմ պատմությունները։ Բայց, ահա, դա էլ վերջացավ… Դե՛, հիմա արդեն ես իմ բախտը ձեռքիցս չեմ փախցնի, երբ ինձ այստեղից լույս աշխարհ հանեն՝ ուզածիս չափ կուրախանամ։

Բայց այնքան էլ շուտ չեղավ այդ։

Մաս 8

Մի առավոտ մարդիկ եկան ձեղնահարկը կարգի բերելու։ Արկղները դուրս տարան, դրանց հետևից էլ՝ եղևնին։ Սկզբում նրան բավական կոպիտ ձևով նետեցին հատակի վրա, հետո սպասավորը սանդուղքով քարշ տվեց ցած։

«Դե՛, հիմա ինձ համար նոր կյանք է սկսվում»,— մտածեց եղևնին։

Եվ, իրո՛ք, թարմ օդ փչեց, արեգակը շողաց. եղևնին բակումն էր։ Այս ամենն այնքան արագ կատարվեց, շուրջն այնքան նոր բան կար, այնքան հետաքրքիր բան, որ նա նույնիսկ իրեն նայել չկարողացավ։ Բակին կից կար մի այգի, իսկ այգում ամեն ինչ կանաչել էր ու ծաղկել։ Ցանկապատի վրայով կախվել էին բուրումնավետ թարմ վարդեր, լորենիները ծաղկել էին, ծիծեռնակներն այս ու այն կողմ էին թռչում ու ճռվողում.

— Ծիվ-ծիվի-վի՛տ, ամուսինս վերադարձե՜լ է։

Բայց դա եղևնուն չէր վերաբերում։

— Հիմա ես էլ ուզածիս պես կապրեմ,— ուրախացավ եղևնին և իր ճյուղերն ուղղեց, բայց ավա՜ղ։ Ինչպե՜ս էին թոշնել ու դեղնել նրա ճյուղերը։

Ծառն ընկած էր բակի մի անկյունում, եղինջի ու մոլախոտերի մեջ։ Ոսկե աստղը դեռ փայլում էր գագաթին։

Բակում ուրախ խաղում էին այն նույն երեխաները, որոնք Ծննդյան տոնին պարում էին տոնածառի շուրջը և այնպե՜ս ուրախանում։ Նրանցից մեկը հանկարծ աստղը տեսավ և ծառից պոկեց։

— Մի տե՛ս, թե ի՛նչ է մնացել էս քոսոտ պառավ եղևնու վրա,— գոչեց նա և ոտքը դրեց ծառի ճյուղերին։ Ճյուղերը ճրթճրթացին։

Եղևնին նայեց այգու ջահել, թարմ ծաղիկներին, հետո էլ՝ իրեն և ափսոսաց, որ չի մնացել ձեղնահարկի մթին անկյունում։ Նա մտաբերեց և՛ իր ջահելությունը, և՛ անտառը, և՛ ճրագալույցի ուրախ տոնը, և՛ մկնիկներին, որոնք հափշտակված լսում էին Կլումպե-Դումպեի հեքիաթը…

— Ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ,— մրմնջաց խեղճ եղևնին։— Եվ ինչո՞ւ ես չէի ուրախանում, քանի դեռ ժամանակ կար։ Իսկ հիմա… ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ…

Ծառան մի կացին բերեց և եղևնին կտոր-կտոր արեց. մի ամբողջ կապ կպչան ստացվեց։ Ինչպե՜ս թեժ էին վառվում կպչանները մեծ կաթսայի տակ։ Ծառը խորը-խորը հառաչում էր, և այդ հառաչանքները նման էին ցածրաձայն կրակոցների։ Վազեվազ եկան երեխաները և նստեցին կրակի առաջ։ Նրանք ամեն մի կրակոց դիմավորում էին ուրախ կանչերով. «Պիֆ-պա՜ֆ»։ Իսկ եղևնին ծանր հառաչելով հիշում էր ամռան պայծառ օրերը, ձմռան աստղազարդ գիշերներն անտառում, Ծննդյան ուրախ տոնը և Կլումպե-Դումպեի հեքիաթը՝ միակ հեքիաթը, որ բախտ էր ունեցել լսելու, և որը կարողանում էր պատմել… Եվ ահա, վերջապես, վառվեց-վերջացավ։

Տղաներն էլի խաղում էին բակում, ամենափոքրիկի կրծքին փայլփլում էր այն նույն ոսկե աստղը, որը զարդարում էր եղևնուն՝ իր կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Այդ երեկոն անցավ, սուզվեց հավիտենության գիրկը, տոնածառի վերջը հասավ, հասավ նաև մեր հեքիաթի վերջը։ Վե՜րջ, վե՜րջ։ Աշխարհում ամեն ինչ վերջ է ունենում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s