Դեկտեմբերի ընթերցարան

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Աշխատանքային էջ՝ Եղևնին. Հ.Սահյան

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենն` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Ս. Ծննդյան տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

              Հեքիաթ փշատերև ծառի մասին     

Անտառի մի  խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Աշխատանքային էջ՝ Հեքիաթ փշատերև ծառի մասին

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Ցանկությունների ծառը

Դոնալդ Բիսեթ

 Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն,  ցանկությո՜ւն,  ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:
Աշխատանքային էջ՝ Ցանկությունների ծառը

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Աշխատանքային էջը՝ Ձյուն 

Տեղեկետվական նյութեր՝

Ասիլ-վասիլ

Հին Հայաստանում Նոր տարվա յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկները` Ասիլիկ-Վասիլիկները (այլ անվանումները` Ասիլ-Վասիլ, Ասիլ-Բասիլ, Խրձիկ և այլն): Ծիսական այս տիկնիկները թխվում էին Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու և բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ-Վասիլիկների թխմամբ կարծես ավարտվում էր  տոնի ամենակարևոր բաղադրիչի` ծիսական Տարեհացի պատրաստումը: Ասիլիկ-Վասիլիկները տարբեր կերպարանք էին ստանում`կախված նրանից, թե ում կամ ինչ համար էին գուշակություններ անելու տվյալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով: Ծիսական  Տարեհացի խմորից մի կտոր էին պոկում, նրան տալիս էին համապատասխան տեսքը`զարդարելով չամիչով, ընկույզով և շաղախելով ձվով, որպեսզի գեղեցիկ լինեին: Թխելիս տիկնիկի ձեռքերը խաչում էին կրծքին:  Աղջիկ տիկնիկներին գլխի հարդարանք էին սարքում և երկար շոր` կրկին խմորից: Տղամարդկանց և պատանիների համար ևս պատրաստում էին Վասիլիկներ: Տղա տիկնիկները պիտի պարտադիր գոտի  ունենային: Երբեմն պատրաստում էին նաև նորածնի տեսքով Վասիլիկներ: Գուշակություն անում էին ըստ տիկնիկի փքվելու աստիճանի` եթե փքվեր, հաջողության նշան էր, եթե սմքեր`հակառակը: Թխելուց հետո երբեմն նրանց բաժանում էին: Առանձին շրջաններում կային Վասիլիկներ ուտելու առանձին օրեր` Սուրբ Ծննդյան երեկոյան:
Տիկնիկի սեռը, պատրաստման ժամանակը, ուտելու ընթացքը, գուշակություններն ու այլ ծիսական գործողությունները խորհրդանշում էին բերք ու բարիքը, պտղաբերությունը և այլն:

  Տարեհաց

Տարեհաց (հայերեն բառացի նշանակում է տարի-հաց), հայկական ազգային հաց է, ավանդաբար թխվում է Հայաստանում Նոր տարվա կամ Սուրբ ծննդի նախօրյակին։ Այն ցորենի ալյուրով, կաթով և տնական յուղով հունցված մեծ հաց էր: Ավանդության համաձայն այն թխում էին տան տարեց կանայք: Տարեհացի թխումը մեծ արարողություն էր: Նրա մեջ դնում էին ոսկի կամ մետաղադրամ: Գաթան կտրում են սուրբ ծննդի գիշերը, երբ սեղանի կողքին հավաքված են լինում ընտանիքի բոլոր անդամները:

Պատրաստի հացն իրենից ներկայացնում է օղագոտու վրա փոսիկներ ունեցող կլոր հաց, այն խորհրդանշում է պտղաբերությունն ու հարստությունը։ Տարեհացի երեսը սերմերով ու մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը: Երջանկության համար տարեհացի մեջ է դրվել մետաղադրամ կամ լոբու հատիկ և թխվել, իսկ հացը բաժանվել է տոնակատարության ժամանակ։ Համարվել է, որ նրան, ում տոնակատարության ժամանակ բաժին է հասնում լոբին, ապագա տարին կբերի երջանկություն և հարստություն։ Տարեհացի մեծություն կախված է ըստ ընտանիքի անդամների թվի։

Կաղանդ պապ

Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները՝ Արեգ, Անտես, Անի և Երա, Փուշ, Իմաստուն, Եղեգ, Ճտպտիկ, Փառփառ, Ասպետ Չարմազան, Հազարան։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Աղբյուրն՝ այստեղ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s