Նոյեմբերի ընթերցարան

                                                            Խուլի այծերը

                                                                                                   Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

Ա՛յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Աշխատանքային էջ՝ Խուլի այծերը

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել
Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,
Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,
Թե` հա թռեք, էն ըմբոստին
Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,
Էն աղվեսին մի կերպ գտան,
Պատճառն ասին, բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ, խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ, հա էնտեղ,
Վերջը գտա ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը
Մեջտեղ գնաց զրպարտողը:

Աշխատանքային էջ՝ Վատ ընկերը

Մկների ժողովը

                                                                                                                        Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
— Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
— Ալո դո´ւ:
— Ալո՞ն տանի:
— Բալո դո´ւ :
— Բալո՞ն կախէ:
— Չստո, դո´ւ:
— Չստոն կաղ է :
— Մստո, դո´ւ:
— Մստոն կարճ է:
— Փստո, դո´ւ:
— Էդ էլ խի՞ղճ է:
— Համբո, դո´ւ:
— Ես տկար եմ:
— Չամբո, դո´ւ:
— Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
— Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
— Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
— Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Աշխատաքային էջ՝Մկների ժողովը

Փեսացու մուկը
Մաս 1

                                                                                                       Աթաբեկ Խնկոյան

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Միայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար-բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ, հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
-Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ-փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
-Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ-փաթիլ
Ու կքամես
Կաթիլ-կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մաս 2

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
-Գոմե՛շ,-ասավ,-
Դու հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

-Հզոր գութան,-
Ասավ,- մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜- քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

-Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,-
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ-մեկ, հատ-հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
-Նանի՛ ,-ասավ,-
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Շեկլիկ-մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

Աշխատանքային էջ՝Փեսացու մուկը

Շաշ հյուրը 

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

— Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

— Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Աշխատանքային էջ՝ Շաշ հյուրը

Ճպուռն ու մրջյունը

                                                                                                        Աթաբեկ Խնկոյան

Թռի-վռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց, ճռճռաց:
Մին էլ, ըհը՜, ձմեռը,
Փռեց իրա թևերը.
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ, էլ ո՞ րը,
Երբ ամեն մի թփի տակ
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ լուռ ու մունջ.
Քաղցած փորին էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր դողալով,
Ծանր-ծանր սողալով
Նա մրջյունին ասում էր.
— Գլխիդ մատաղ, սանամե՛ր,
Մի ճա՛ր արա շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ:
Կերակրի՛, տաքացրու՛,
Մինչև գարուն ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս,
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա՛, ինչ էր պատճառը:
— Էդպես բանի, սանամե՛ր,
Էլ ժամանակ ո՞ վ ուներ.
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
— Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
— Երգո՞ւ մ էիր… շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա, դու պարի՛:

Աշխատանքային էջ՝Ճպուռն ու մրջյունը

Մուկն ու ձուն

                                                                         Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ  թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:
Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով,  տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց:
Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ:
Ձվի  հետ անհետացան նաև մկները:

Աշխատանքային էջ՝Մուկն ու ձուն

                                                            Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
-Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
-Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին-

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Աշխատանքային էջ՝Կույրերի կարծիքը

                                          

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s