Սեպտեմբերի ընթերցարան

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
  2. Ի՞նչ գույն ունի երկինքը.
  3. Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք.
  4. Գրի՛ր հականիշ բառեր.

Վերև-

սպիտակ-

հաստ-

հեռանալ-

5. Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
  2. Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը.
  3. Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը.
  4. Շարունակի՛ր.

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան …

Այն շատ մուգ գույնի է և …

Լուսնի վրա ոչ օդ կա, …

Լուսինն իր լույսը չունի …

 

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

  • Թագավորն ապրա՛ծկենա,կարմրակտուց,կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

-Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը:
  2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
  5. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
  6. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
  7. Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս թռչուններին:

    Կաքավ
    (տեղեկատվական նյութ)

     Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

    Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

    Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

    Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 -25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

    Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

    Ի՞նչ են ուտում թռչունները
    (տեղեկատվական նյութ)

    Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

    Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

    Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

    Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

    Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:

    Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

    Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

Թռչունի մտածմունքը

 Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
  2. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:
  3. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  4. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
  5. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
  6. Թռչունին նամակ գրիր:

 

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

 Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
  2. Ի՞նչ երազանք ուներ տղան:
  3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
  4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:
  5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s