Մայիսի ընթերցարան

Հովհաննես Թումանյան

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
(Հատված)

Մեծ գոլն ընկավ, ձնհալն ընկավ,
Հողը շնչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևը
— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղրկեմ քեզ։

Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։

Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քնա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քնած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։

Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ի՛նչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քնեք, վե՜ր կացեք, վե՛ր.
Խնկածաղիկ,
Ծնկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ
Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,
Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քնեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։

Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…

Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…

Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում, էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կտխրեմ՝ որ հեռանաս…
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…

Ծաղիկները

— Ես հաճույքից կկարմրեմ…
— Ես կբուրեմ…
— Ես կմարեմ…

Արևը

— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քնքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…

Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարնջի, մավի, կապուտ,
Բացվել, լցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր…

Աշխատանքային էջ՝Ծաղիկների երգը

 

Աստրիդ Լինդգրեն

Էմիլի արկածները  (hատված)

I-ին մաս

Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:

Այս անգամ էլ հայր Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …

— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:

Նա մտքի մեջ ընկավ, հետո մի անգամ էլ չորս կողմը նայեց: Հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ ցախատանը շատ մոտ գտնվող մառանի պատուհանը բաց է: Նրա գլխում իսկույն մի միտք փայլեց. Մի պատուհանից մյուսը տախտակ դնել և դրա վրայով մտնել մառան: Ճիշտն ասած, նա շատ էր հոգնել ցախատանը նստելուց և լավ էլ քաղցած էր:

Էմիլը երկար մտածել չէր սիրում: Մի վայրկյան անց տախտակը դրված էր, և Էմիլը սողում էր նրա վրայով:

Տախտակը ճռճռում ու ճկվում էր: Երբ Էմիլը ցած նայեց ու տեսավ եղինջի բարձր թփերը, վախից ճոճվեց, բայց շարունակեց սողալ և վերջապես հասավ մառան: Նա ետ հրեց տախտակը, որն անհետացավ ու շրխկոցով ընկավ ցախատան տախտակների վրա: Էմիլը գոհ էր իրենից, նա վազեց դեպի դուռը, բայց դուռը փակ էր:

— Այդպես էլ գիտեի, — հոգոց հանեց Էմիլը:- Բայց ոչինչ, շուտով նրանք կգան երշիկ վերցնելու, այն ժամանակ գնդակի նման դուրս կթռչեմ այստեղից:

Նա  սկսեց հոտոտել: Մառանը լցված էր համեղ հոտերով: Շուրջը նայեց: Այ քեզ բա՜ն: Ինչքա՜ն ուտելիք կա: Իսկ մեջտեղի դարակում տնական երշիկներն են: Ինչ ճիշտ է, ճիշտ է՝ Էմիլը տնական երշիկ սիրում է:

Աշխատանքային էջ՝ Էմիլի արկածները 1

II-րդ մաս

 

………… և հանկարծ Էմիլի մայրը բացականչեց.

— Վա՜յ, ախր մենք մոռացել ենք Էմիլին: Նա վաղուց ցախատանն է:

Հայրը վազեց ցախանոց, նրա հետևից սլացավ քույրիկ Իդան:

— Էմի՛լ, արդեն կարող ես դուրս գալ,- կանչեց հայրը՝ լայն բացելով ցախանոցի դուռը:

Պատկերացնու՞մ ես՝ նա ինչպես ապշեց: Էմիլը ցախատանը չէր:

— Անպիտանը պատուհանով է փախել,- մտածեց նա:

Բայց երբ պատուհանից նայեց ու տեսավ եղինջի բարձր ու անվնաս մացառուտները, լրջորեն անհանգստացավ:

— Չեմ պատկերացնում՝ նա ուր կարող է կորչել, — բացականչեց հայրը:

— Այստեղ ոչ մի հետք չկա: Կարող եմ հաստատ ասել, որ այստեղով մարդ չի անցել:

Քույրիկ Իդան սկսեց լաց լինել: Ի՞նչ է պատահել Էմիլին…

Իրենց ծառան տխուր երգ էր երգում մի աղջկա մասին: Այդ աղջկան գցել էին նկուղ, նա սպիտակ աղավնի էր դարձել ու երկինք թռել, որ չնստի այդ սարսափելի բանտում: Չէ՞ որ Էմիլին էլ էին փակի տակ պահել: Ի՞նչ իմանաս, գուցե նա էլ է թռչուն դարձել ու թռել: Իդան շուրջը նայեց, բայց չալպուտուրիկ հավից բացի ոչ մի թռչուն չտեսավ: Քույրիկ Իդան ավելի ուժգին լաց եղավ ու ցույց տվեց հավին.

— Գուցե սա Էմիլն է:

Էմիլի հայրը, իհարկե, այդ կարծիքին չէր, բայց , չգիտես ինչու, վազեց մայրիկի մոտ:

— Դու չե՞ս նկատել, Էմիլը թռչել կարողանու՞մ էր:

— Գուցե պետք է մառանում փնտրել,-  ասաց Լինան՝ նրանց ծառան:

Դա բոլորովին էլ հիմար միտք չէ: Բոլորը նետվեցին մառան, բայց Էմիլը մառանում էլ չէր:

Քույրիկ Իդան հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Երբ ոչ ոք նրան չէր նայում, վազում էր չալպուտուրիկ հավի մոտ ու շշնջում.

— Չհեռանաս մեզանից, Էմի՛լ: Ես քեզ համար շատ կուտ կբերեմ, միայն թե չթռչես-գնաս:

Հավը ոչինչ չէր ասում, հենց այնպես կռթկռթում էր:

Էմիլին փնտրում էին ամեն տեղ, բոլորն ուղղակի ուժասպառ եղան:

— Գուցե նա գետն է ընկել, — ասաց Լինան:

— Նրան արգելել էինք գետ գնալ,  դու դա գիտես, — ասաց մայրը:

Լինան տմբտմբացրեց գլուխը.

— Գիտեմ, այ հենց դրա համար էլ այնտեղ է գնացել:

Բոլորը վազեցին գետափ: Էմիլի հետքերը այնտեղ էլ չկային: Բոլորը լաց էին լինում:

Այլևս տեղ չկար, որ Էմիլին փնտրած չլինեին:

— Հիմա ի՞նչ անենք, — հուսահատված հարցրեց մայրը:

— Առաջին հերթին պետք է ուժերը վերականգնել, — որոշեց հայրը:

Մայրը սկսեց սեղան պատրաստել: Քիչ հետո դիմեց Լինային.

— Լինա՛, ախր մենք մոռացել ենք երշիկ բերել: Վազի՛ր մառան ու բեր:

Լինան վերադարձավ առանց երշիկի:

— Եկե՛ք իմ հետևից, տեսե՛ք՝ ինչ եմ ցույց տալու:

Բոլորը գնացին: Լինան բացեց մառանի ծանր դուռը ու ներս մտավ: Մառանում նա կանգնեց մեծ պահարանի առաջ, քմծիծաղով բացեց նրա դռները, ցույց տվեց մեջտեղի դարակը, որտեղ մայրիկը ապխտած երշիկներ էր պահում:

Դարակում երշիկ չկար: Փոխարենը այնտեղ էր Էմիլը:

Նա քնած էր, պառկել էր երշիկի կեղևների դեզի վրա ու քնել: Նրա մայրը երջանիկ էր: Կարևոր չէ, որ Էմիլը կերել էր  ամբողջ երշիկը: Մայրիկի համար կարևորը Էմիլի գտնվելն էր, քան մի քանի կիլոգրամ երշիկը: Ասենք, հայրիկի համար նույնպես:

— Ահա, Էմիլն է պառկած, — ծղրտաց քույրիկ Իդան: — Նա հավ չի դարձել … առայժմ չի դարձել:

Աշխատանքային էջ՝ Էմիլի արկածները 2

Պույ-պույ մկնիկը

Դերենիկ Դեմիրճյան

Մի երկիր կա՝ Հնդստան,
Մի մուկիկ կար՝ ճստճստան,
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում։

Ապրում էր նա իր համար,
Բարիքներում անհամար,
ՈՒ մի օր լավ, մի օր վատ՝
ՈՒներ ապրուստ քիչ թե շատ։

Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցորնի հատ։
ՈՒտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում։

Իր անունը Պույ-պույ էր,
Ազգանունը՝ Ճստունի,
Լացը՝ վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը տարայ-նայ-նի-նի։

Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
ՈՒ մի օր էլ ծանր ու մեծ
Իրեն-իրեն միտք արեց.

-Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել եմ, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ։

Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոմբ
Ընկավ նրա առաջին։
-Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին։

Միջուկն անու՜շ, յուղալի՜,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա ինչն է ցավալի:

Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց։

ՈՒ կոկոսի չորս կողմը
Ման է գալիս Պույ-պույը,
Կեղևն հաստ է, ոնց անի,
ՈՒ սկսեց վույ-վույը։

-Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,
Տեսնեմ դրա համն էլի,
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր։

Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հմի էլ
Ծակից մտնել էր ուզում։

Բայց տեսեք ինչ պատահեց,
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում։

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլնի մուկիկը.
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում։

Էսպես լացեց սուգ արեց,
Էնքան լացեց սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց։

Մեկ էլ ըհը ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս։

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը։

Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե պար արի, տարա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կեր ու կրծիր,
Կ՜եր միջուկը, հյութը խմի՜ր։

Համ ուտում է, համ էլ պարում,
Համ պարում է, համ էլ երգում,
— Ինքս Պույ-պույ, պարս տույ-տույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ։

Էսպես թռչում, ծափ էր տալիս,
Պար էր գալիս, ռանգի, յալլի,
Գոռում էր ջա՜ն, տարայ-նի-նի,
Այ թե քեֆը ինչպես կլնի։

Էս որ էսպես կերավ մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դառավ խոշոր մի մուկ,
Ընկավ կողքին, քնեց խորունկ։

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Էհ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա։

— Լավ էր, կերանք բավականին,
Հիմա գնանք մենք մեր բանին։
Հեշտ էր ասել… Ապա՞ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր։

Մոտեցավ, որ ծակից դուրս գա,
Պահո՜… Տեսավ ճանփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր.
Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր:

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլինի մուկիկը։

Տռզել է կոկոսում,
Մնացել է նեղ փոսում։

— Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չե՞ր իմ տունը, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,
Հիմի տե՜ղն է, քեզ, Պույ-պույ։

Ա՜խր ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր՝ լավ չէ՞ր, հը՞,
Ցավ ուտեիր, լա՞վ չէ՞ր, հը՞…

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար։

Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց։
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս։

Վահ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց… Այ, նայիր, էս ես՝ մուկը,
Էն՝ կոկոսը, էն՝ միջուկը։

Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս, Պույ-պույ,
Տո էլ ի՞նչ վայ, էլ ինչ վույ-վույ,
Տո, քեֆ արա, օխայ, օխայ,
Դե պար արի, տարա՜յ-նի-նա՜յ…

Համ թռչում է, համ պարում է,
Համ երգում է, համ կանչում է,
Ջա՜ն, քեֆ արա, տարա՜յ-նի-նի՜
Ա՜յ թե քեֆը ինչպես կլինի։

Մուլտֆիլմն՝ այստեղ

Առակներ. Մխիթար Գոշ մաս 1

Առակներ. Մխիթար Գոշ մաս 2

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s