Պահմտոցի
Դոնալդ Բիսեթ
Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։
Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։
Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։
Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։
— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։
— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։
— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։
Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։
Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։
— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։
— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։
Արևն անցավ թուխպի ետևը եւ հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։
— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետեւում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։
Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլևս դուրս չեմ գա։
Ու այլևս դուրս չեկավ։
Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ է։
Աշխատանքային էջը՝ Պահմտոցի
Փիլիսոփա Բլոճը և մյուսները
Դոնալդ Բիսեթ
Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
-Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ո՞նց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
— Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
— Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
— Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
— Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
— Ծառերը շարժելը,-ասաց քամին:
— Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
— Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
— Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
— Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:
Աշխատանքային էջը՝ Փիլիսոփա բլոճն ու մյուսները
Դոնալդ Բիսեթ
Անձրևը
Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար այս ու այն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
— Վտվտի՛կ, չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք, – ասում էԿտկտիկը:
— Իջնե՛նք, թե չէ՛ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
__ է՜, արի գնանք այստեղից, — հուսահատվում է Կտկտիկը: Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է:
Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում էր, շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թառամում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
— Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
— Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը գոհ են` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:
Աշխատանքային էջը՝ Անձրևը
Ջաննի Ռոդարի
Շոկոլադե ճանապարհը
Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:
Աշխատանքային էջը՝ Շոկոլադե ճանապարհը