ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ
ԱՐևԻ ՀՐԱՄԱՆԸ
Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.
— Դե՛, սիրո՛ւն աստղիկներ՝ երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:
Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.
-Զարթնեցե՛ք, ծաղիկնե՛ր, զարթնեցե՛ք, թռչնիկնե՛ր:
Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:
-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:
-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:
-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:
Արևը պատասխանեց.
-Թո՛ղ երգի արտույտը, թո՛ղ բացվի վարդը, իսկ մութ ամպիկը՝ ջրով լիքը, թող գնա, հեռանա:
Ծաղիկները բացվեցին, թռչնակները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը:
Աշխատանքային էջ՝ Արևի հրամանը
ՄԱՆՈՒՇԱԿ
— Ասա՛ ինձ, մանուշա՛կ, ինչո՞ւ ես այդպես շուտ դուրս եկել մեն-մենակ: Դաշտերում ոչ մի տեղ դեռ չի բացվել քեզ նման մի ծաղիկ:
— Ես չունեմ մյուսների գեղեցիկ հասակն ու նրանց հագուստը՝ զարդարուն ու շքեղ: Դուք ինձ չեք տեսնի, եթե ես երևամ նրանց հետ միատեղ:
Աշխատանքային էջ՝ Մանուշակ
ԱՐևԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ
Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին:
Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա:
Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.
– Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ-ճիլի՜-վիլի՜, վո՜ւտ-վո՜ւտ, վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ, ճը՜ռռ… որ մեր լեզվով նշանակում է` ինչքա՜ն լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքա՜ն դուրեկան է թարմ օդ ծծելը:
Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ: Նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկոտելով մտավ ցողաթաթախ կանաչուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով:
Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց` ծուղրուղո՜ւ…ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ: Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտվա նախաճաշիկն անեն: Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել:
Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան ու դուրս ընկնելով` դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդը ստանան:
Աշխատանքային էջ՝ Արևի ճառագայթները
ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ
ԹԱՐՍ ՀԱՐՑԵՐ
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր հարցերով : Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն. օրինակ՝ սպասքը, դանակ, պատառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակնեը. բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում էր գտնել նրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխաները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշերը գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց.«Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտնագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայի՛ր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
ՀԻՆԳԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
– Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, – գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:
– Ի՞նչ է պատահել:
– Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:
– Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:
Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:
– Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:
– Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք:
– Այս ի՞նչ ձայն էր: Վա՜յ, Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գիշեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝ Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց դուրս վազեց ու իրեն տրամվայ գցեց:
– Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,- լաց էր լինում Երկուսը,- իսկ հիմա տեսեք, թե ինչի՞ եմ նման:
Տոմսավաճառը մրթմրթաց.
– էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի:
– Ես մեղք չունե՜մ: Ես մեղավոր չեմ,- բացականչեց Երկուսը:
– Բա չէ՞, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:
Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:
– 0՜, ներեցեք, տիկին:
Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Մի տես է, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իսկույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչո՞ւ հրաշալի, որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:
– Ո՜ւխ, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:
ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՄԱՐԴՈՒԿԸ
Կար- չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին:
Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:
— Լսի՜ր, – ասում է մարդուկը, – դու կատուներից չե՞ս վախենում:
— Ո՜չ, – պատասխանում է մկնիկը: – Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:
— Իմ գլուխը պտտվեց, – ասաց ոչ մի բանից մարդուկը:
— Եվ եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:
Մարդուկը որոշեց փորձել, մի պատ գտավ, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցավ պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար:
Մարդուկը այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:
Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանապարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:
Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին: