Հունվարի ընթերցարան

Հովհաննես Թումանյան

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

1

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

2

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

3

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Հովհաննես Թումանյան

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

 

Դոնալդ Բիսեթ

Արքայազն անունով փոքրիկ պինգվինը

Արքայական պինգվինների ընտանիքին պատկանող փոքրիկ պինգվինը, որի անունը Արքայազն էր, ձվի մեջ նստած, մտածում էր, թե ինչպես օր առաջ լույս աշխարհ դուրս գա։ Նա շատ էր ձանձրացել ձվի մեջ նստելուց և շատ էր ուզում դուրս գալ ու խաղալ մյուս պինգվինների հետ։

Նա կտուցով, և ապա ոտքով ուժեղ հարվածեց ձվի կեղեւին։ Հետո որքան ուժ ուներ սկսեց թմբկահարել, և կեղևը՝ թըխկ, կոտրվեց։

Օֆ, վերջապես նա ծնվեց։

Պինգվին-մայրիկը նայեց նրան և չհավատաց աչքերին։ «Զարմանալի է, ― մտածեց մայրիկը։ ― Ինչո՞ւ է իմ փոքրիկը շագանակագույն։ Բոլոր արքայական պինգվինների մեջքին սև փետուրներ են լինում, իսկ փորին՝ ճերմակ։ Բայց եթե այս շագանակագույն ներկը լվանք, փոքրիկս է՞լ դռանա սև և ճերմակ»։

Պինգվին-մայրիկը փորձեց կտուցով քերել Արքայազնի շագանակագույն ներկը, բայց իզուր։ Արքայազնը շագանակագույն էր, շագանակագույն էլ մնաց։

― Ճարը գտա, ― ասաց պինգվին-մայրիկը և պահարանից հանեց մեղրով լի ամանը։

Նա Արքայազնի վրա մեղր քսեց, ձայն տվեց Փնթփնթան անունով սպիտակ արջին, որպեսզի արջը լզի մեղրը և մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը։ Փնթփնթանը մեծ հաճույքով սկսեց ամեն կողմից լիզել Արքայազնին։

― Վայ, խուտուտ է գալիս, ― ծիծաղեց Արքայազնը։

Բայց արջը՝ առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց լիզել մեղրը։ Իսկ երբ լիզեց-վերջացրեց, պինգվին-մայրիկը տեսավ, որ Արքայազնը ինչպես կար, այնպես էլ մնացել էր՝ շագանակագույն։

Փնթփնթանը խորհուրդ տվեց․

― Թող Արքայազնը բարձրանա ձնե բլրակի վրա ու ցած գլորվի։ Գուցե ձյունը կմաքրի այդ շագանակագույն ներկը։

Արքայազնը բարձրացավ բլրակի գագաթն ու գլորվեց ցած։ Գլորվեց, թափ տվեց մարմինը, բայց պարզվեց, որ առաջվա պես շագանակագույն է։

― Գնանք բվեճից խորհուրդ հարցնենք, ― որոշեց պինգվին-մայրիկը։ ― Նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է։

Բուն պինգվին-մայրիկին ասաց․

― Ինչ ծիծաղելի ես, պինգվին-մայրիկ։ Մի՞թե չգիտես, որ պինգվինները ծնվում են շագանակագույն փետուրներով ու երբ մի քիչ մեծանում են, նոր միայն նրանց մեջքը դառնում է սև, իսկ փորը՝ ճերմակ։

― Ա՜հ, իհարկե, ― գոչեց պինգվին-մայրիկը։ ― Ես բոլորովին մոռացել էի։

Այդպես էլ եղավ, ինչպես ասել էր բուն։

Երբ Արքայազնը մեծացավ, նրա մեջքին աճեցին սև փետուրներ, իսկ փորին՝ ճերմակ, ինչպես լինում են բոլոր արքայական պինգվիններինը։

Փոքրիկ պինգվին Ջոն և փոքրիկ կրիա Ջենը

Եղել է, չի եղել, Ջո անունով մի փոքրիկ պինգվին է եղել։ Նա մայրիկի հետ ապրում էր Անտարկտիդայում։

Մի անգամ պինգվինը նստել էր այսբերգի վրա։ Հանկարծ այսբերգը ճեղքվեց, և Ջոն սառցաբեկորին նստած՝ լողաց դեպի բաց ծով։

Սառցաբեկորը լողաց դեպի հյուսիս, լողաց ու հասավ Կարիբյան ծով։ Իսկ Կարիբյան ծովում ապրում էր կրիա Ջենը։

Ջենը լողալ շատ էր սիրում: Մի անգամ, ծովում լողալիս, վեր նայեց ու տեսավ… ասենք, նա սկզբում չհասկացավ էլ, թե ինչ տեսավ։

— Ի՞նչ է դա,— մտածեց Ջենը։— Եթե սառցի միջով նայենք վարից վեր, նման է փոքրիկ պինգվինի։ Այո, անկասկած, դա պինգվին է:

Մաս 2

Փոքրիկ կրիան դուրս լողաց ծովի խորքերից, իսկապես, սառցաբեկորի վրա տեսավ մի փոքրիկ պինգվինի։ Ջենն ու Ջոն շատ շուտ բարեկամներ դարձան։ Նրանք խաղում էին միասին, ձուկ էին որսում և լողում էին ստորջրյա լեռների արանքներում։

Մի օր էլ Ջենը հարցրեց․

— Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես են կրիայի ապուր եփում։

— Այո, հաճույքով,— պատասխանեց Ջոն։

— Դրա համար պետք է ընտրել մի շատ պարզ ու շոգ օր, երբ արևն էլ սոսկալի կիզում է,— ասաց Ջենը։— Ափին պետք է պահածոյի մի մեծ տուփ դնել և մեջը բերնեբերան երեք քառորդ բաժին քաղցրահամ ու քառորդ բաժին էլ ծովային ջուր լցնել։ Իսկ հետո անհրաժեշտ է կրիային խնդրել, որ նա այդ տուփի մեջ հաճելի ու տաք վաննա ընդունի։
Արևն ավելի ու ավելի կկիզի, պահածոյի տուփի ջուրը ավելի ու ավելի կտաքանա, կրիան էլ ավելի ու ավելի կտաքանա։ Ու երբ շատ տաքանա, դուրս կգա տուփից, որպեսզի մի քիչ լողա զով ծովում։ Իսկ տուփի մեջ պետք է մտնի մի ուրիշ կրիա։

Երբ այդ ուրիշ կրիան էլ շատ տաքանա, նա էլ դուրս կգա ու կսուզվի ծովը։ Կրիայի համեղ ապուրի համար անհրաժեշտ է ամենաքիչը հինգ կրիա։ Իսկ երբ ապուրը պատրաստ լինի, մարդը կգա եւ կրիայի ապուրը մեծ տուփից կլցնի բազմաթիվ փոքրիկ տուփերի մեջ։ Հետո ամուր կփակի այդ փոքրիկ տուփերը  և վրաները պիտակներ կկպցնի։ Իսկ հիմա գնանք, որ ամենը ցույց տամ,— խոսքն ավարտեց նա։

Մաս 3-րդ

Նրանք լողացին դեպի ափ ու այնտեղ տեսան երկու խոշոր պահածոյի տուփ ու տասը կրիա, որոնք հերթով կրիայի ապուր էին պատրաստում։

— Ի՜նչ հետաքրքիր է,— ասաց Ջոն։— Ափսոս, որ իմ տուն գնալու ժամանակն է․ մայրիկը կանհանգստանա։

— Ինչ արած,— հառաչեց Ջենը։— Միայն թե ստիպված ես երկար լողալ տուն հասնելու համար։ Լավ կլինի մի ճար մտածենք։ Գիտե՞ս ինչ։ Եկ քեզ դնենք պահածոյի տուփի մեջ և փոստով ուղարկենք տուն։

Ջոն մտավ պահածոյի տուփի մեջ, իսկ Ջենը կափարիչով փակեց տուփը, պիտակի վրայի «Կրիայի» բառը ջնջեց ու փոխարենը գրեց՝ «Պինգվինի»։

Հետո տուփի վրա նամականիշներ փակցրեց ու հանձնեց փոստին։

Հետևյալ օրը փոստատարը բախեց այն այսբերգը, որտեղ ապրում էր միսիս Պինգվինը, ու նրան հանձնեց պահածոյի տուփը։

— Շնորհակալություն,— ասաց միսիս Պինգվինը․ տուփը դրեց սառույցի վրա և շարունակեց զբաղվել տնային գործերով։

Փոշին սրբելը վերջացնելուց հետո, նա հիշեց պահածոյի տուփի մասին։

— Ապուր,— կարդաց նա պիտակի վրա։— Ի՜նչ լավ է… Ապուր… Ի՞նչ։ Պինգվինի ապո՞ւր… Օ՜հ, շո՛ւտ, շո՜ւտ… Օգնե՜ք…

Նա հանեց պահածոյի դանակը, բացեց տուփը, իսկ տուփից դուրս ցատկեց Ջոն։

Արծիվն ու գառնուկը

Լեռնային Ուելսի բարձունքներից մեկում մի արծիվ էր ապրում։ Անունը Դեվիդ էր։

Նա սիրում էր բա՜րձր, շա՜տ բարձր թռչել։ Մի անգամ էլ այնքան բարձր թռավ, որ ըկնավ աստղի վրա։

Աստղի վրա մի տնակ կար։ Տնակում ապրում էր Մերին՝ իր գառնուկի հետ։ Դեվիդը բախեց դուռը։

— Ես հյուր եմ եկել,— ասաց նա։

Մերին սեղան բացեց, ու նրանք երեքով նստեցին թեյ խմելու։

— Սիրելի արծիվ, մի կտոր տապակած հաց ուզո՞ւմ ես,— առաջարկեց Մերին։

— Հըմ… ոչ… Շնորհակալ եմ,— պատասխանեց Դեվիդը։— Ես հաճույքով գառնուկին կուտեի։

— Վա՛յ… Բայց դու դեռ ճանկերդ չես լվացել,— ասաց Մերին։

Եվ ստիպեց, որ արծիվը գնա խոհանոց ու լվա ճանկերը։ Մինչ Դեվիդը լվացվում էր, Մերին հասցրեց մի քանի խոսք շշնջալ գառնուկի ականջին։

Դեվիդը վերադարձավ ու նորից նստեց սեղանի մոտ։

— Մի կտոր էլ տապակած հաց կուտեի՞ր, սիրելի գառնուկ,— հարցրեց Մերին։

— Ո՛չ, շնորհակալություն,— պատասխանեց գառնուկը հիշելով, թե քիչ առաջ իր ականջին ինչ շշնջաց Մերին։— Թերեւս, մեծ հաճույքով ես արծիվին կուտեի։

Արծիվը շատ զարմացավ, նույնիսկ վատ զգաց։ Ու երբ Մերին մի անգամ էլ հարցրեց, թե ինչ կուտեր, արծիվը պատասխանեց․

— Խնդրում եմ, մի կտոր տապակած հաց։

Մերին նրան մի կտոր տապակած հաց տվեց։ Թեյից հետո Դեվիդը հրաժեշտ տվեց Մերիին եւ նրա գառնուկին, ու տուն թռավ։

Այդ երեկո, քնելուց առաջ, արծիվը երբեմն նայում էր գլխավերեւում փայլող աստղին։

Կենդանիների ձմեռում

Ձմռանը քնող կենդանիներ

Կան կենդանիներ, որոնք ցրտերն ընկնելիս քաշվում են իրենց բներն ու ծակերը և խոր քուն մտնում:

Այսպես, խլուրդն իր շինած երկար անցքով իջնում է ներքև, հողի մեջ, մինչև իր բույնը: Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտը ներս չմտնի, և քնում տերևներից պատրաստված իր անկողնում:

Մկնարջը կծկվում է մի ծառի խոռոչում ու քնում, բայց մինչև քնելը կաղին և ընկույզ է հավաքում իր բնում: Երբ արթնանա, մի քիչ կուտի և նորից կքնի:

Մողեսն էլ ձմեռն անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ քնելով:

Արջը, կրիան և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:

Այս բոլոր կենդանիները կարթնանան, երբ գարունը իր տաքուկ շունչը փչի:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s