Դեկտեմբերի ընթերցարան

Ձմեռ

Աթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Գիտե՞ս, որ

  Դու կարծում ես, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իրականում ձյունն անգույն է, թափանցիկ, ոչ թե՝ սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով, ուստի մենք այն տեսնում ենք սպիտակ կամ բաց կապույտ գույնով: Երկրագնդի որոշ մասերում երբեմն կարող ենք կապույտ կամ կանաչ ձյուն տեսնել, որի պատճառը փաթիլի մեջ գտնվող կանաչ մամուռի մասնիկներն են:

Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

Մոռացված ծննդյան օրը

Դոնալդ Բիսեթ

1-ին մաս

Կար- չկար, աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր

կենդանաբանական այգում՝ իր կնոջ ու Յալմար անունով ձագի հետ: Փիղ

հայրը շատ մեծ էր։ Մայր փիղն էլ էր մեծ։ Դե, Յալմարն էլ փոքր չէր։ Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են։

Մի գեղեցիկ օր էլ փիղ մայրիկը ու փղիկը տեսան, որ փիղ֊ հայրիկը կանգնել է գլխի վրա։

— Ի՞նչ ես անում,— հարցրեց փիղ մայրիկը։

— Մի բան եմ ուզում հիշել,— պատասխանեց փիղ հայրիկը։

— Ի՞նչ ես ուզում հիշել։

— Եթե իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- ասաց փիղ հայրիկը:

— Յալմա՛ր,— ասաց փիղ մայրիկը տղային,— շո՛ւտ վազիր ու իմացի՛ր՝ ինչ է մոռացել հայրդ։

2-րդ մաս

Ու Յալմարը ճանապարհով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց, որ հանգստանա, հետն էլ նայի, թե ոնց են ամպերը երկնքում խաղում:

Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին էին լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.

— Լաց մի՛ լինի, ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։

Լացը դադարեց։

— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։

— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։

— Վա՛յ,— ասաց Յալմարը,— ա՜յ քեզ բան։ Իսկ տորթ ունե՞ս։

— Իհարկե՛։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց մոմ կա։

__ Ուրեմն, այսօր ինչ-որ մեկը վեց տարեկան է դառնում։

«Ի՜նչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը, շատ լավ է, համարյա յոթ տարեկան դառնալու չափ։ Հինգ տարին էլ վատ չէ, չորսն էլ՝ ոչինչ։ Ա՛յ, ո՜ւթն ուրի՜շ է, ութ տարեկան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:

— Ափսո՜ս, շա՛տ ափսոս, որ քեզ չեմ կարող օգնել: Ես ուղղակի չգիտեմ, թե ով է իր ծննդյան օրը մոռացել ։

3-րդ մաս

Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, տեսավ, որ հայրն արդեն գլխի վրա կանգնած չէր, այլ նստել էր սեղանի մոտ ու ճաշում էր։

— Հիշել եմ,— ասաց փիղ հայրը, — ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ՝ այսօր: Հենց այդպես էլ գիտեի։

— Ի՞նչն է այսօր,— հարցրեց Յալմարը։

— Այսօր քո ծննդյան օրն է,— սենյակ մտնելով ասաց փիղ մայրը, _ այսօր քո վեց տարին լրացավ։

Յալմարը ուրախացավ, շա՜տ հուզվեց ու շո՛ւտ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:

— Լսի՛ր,— գոռաց նա, — պարզվում է, որ դու ի՛ մ ծննդյան օրն ես։ Այսօր ես վեց տարեկան եմ դառնում։

— Ո՜ւխ,— ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,— ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն։

Երեկոյան թեյելիս, Յալմարը ստացավ իր ծննդյան տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՜ց ու վեցն էլ միանգամից հանգցրեց։

«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»։

Առաջին ձյունը

Հովհաննես Թումանյան

– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s