Աշուն
Հովհաննես Թումանյան
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Տերևաթափ
Հովհաննես Թումանյան
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև, Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…
Տերևները հենց լսեցին, Նախշուն, նախշուն գույներ հագան, Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։
Անտերև ծառ
Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան
Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:
Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.
— Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:
Ամպի երեխաները
(փոխադրություն)
1-ին մաս
Ամպը չորս երեխա ունի: Չորսին էլ լավ ճանաչում եք:
Մեծը հաճախ է գալիս, խփում տանիքներին, աղմկում տանիքների վրա: Երբեմն էլ կարծես գժվում է՝ թափվում է ու թափվում, գետերն է լցվում, դրանք էլ հորդանում են, ափերից դուրս գալիս, ծածկում ամեն բան:
Նա վատը չէ, ընդհակառակը՝ այնպե՜ս է ծառ ու ծաղիկ սիրում, իջնում է, զովացնում ծարավ կանաչներին, ջուր տալիս չորացած հողին:
Նրա քույրը ճերմակ աղջիկ է: Ցրտերը վրա հասնելուն պես փռում է իր փափուկ վերմակը մերկ անտառների ու դաշտերի վրա, որ փոքրիկ սերմերը չմրսեն հողի տակ:
2-րդ մաս
Բայց ի՜նչ չար է սրանց եղբայրը: Գալիս է քամու հետ, որն իր նման խենթ է, փշրում է ծառ ու ճյուղ, փչացնում արտ ու խոտ՝ իբր թե կատակ է անում:
Բոլորից փոքրը պստիկ, քնքուշ աղջիկ է: Գարնան գիշերներին մարգարիտներ է շարում ծաղիկների ու խոտերի թերթերին: Ձմռան ցրտին նա մեր պատուհանների ապակիներին իր պաղ մատիկներով գեղեցիկ նախշեր է գծում:
Ահա ամպի չորս երեխաները՝ Անձրևը, Ձյունը, Կարկուտը և Ցողիկը:
Ասացի չէ՞, որ չորսին էլ լավ եք ճանաչում:
Գիտե՞ս, որ
Չորս կողմդ նայիր: Տեսնո՞ւմ ես օդը: Ո՞չ: Հիմա փորձիր բռնել: Չի՞ ստացվում: Դու օդը զգում ես, երբ վազում ես կամ հեծանիվ ես քշում:
Առանց օդի կյանք չի կարող լինել: Մարդիկ, կենդանիները, թռչունները, բույսերը կմահանան:
Քամին օդի շարժումն է: Առանց քամու ամպերը միշտ հավաքված կլինեն ծովերի, գետերի, լճերի վրա: Եթե քամին չլիներ, անձրևները միայն ջրերի վրա կգային: