Հոկտեմբերի ընթերցարան

Գիտե՞ս, որ…

 Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր

համար կեր գտնի:

Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

Պոչատ աղվեսը

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը:
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց ասավ ընկերներին.
Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,
Դեն գցեցեք ձեր պոչերը,
Ինչո՞ւ  են պետք այդ փրչերը:
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,
Գետնի ավել,
Վազքի խափան,
Մեզ անվայել
Ավելորդ բան:
Այստեղ մի ծեր վարպետ աղվես
Ասավ նրան. «Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը,
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչո՞ւ չարիր դու այդ կոչը»:

Խխունջն ու սունկը

 Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.

—  Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն:

Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜,  քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

Ճուտիկը

Մաս 1

Լինում է, չի լինում, մի պստիկ ճուտիկ է լինում:

Ա՛յ, այսպիսի ճուտիկ:

Բայց նա կարծում էր, որ ինքը մե՜ծ է, շա՜տ մեծ է: Երբ ման էր գալիս բակում, փքվում էր, գլուխը բարձր պահում:

Ա՛յ, այսպես:

Ճուտիկը մայրիկ ուներ: Անունը՝ Չալիկ՝ սիրո՜ւն, չաղլի՜կ:

Ա՛յ, այսպիսի մայրիկ:

Չալիկը ճուտիկին շատ էր սիրում: Նրան կերակրում էր որդերով: Մի անգամ Չալիկի վրա հարձակվեց սևուկ փիսիկը և քշեց նրան մինչև լճի ափը:

Ա՛յ, սա է սևուկ փիսիկը:

Մաս 2

Ճուտիկը մնաց ցանկապատի մոտ կանգնած: Հանկարծ նա տեսավ, որ աքլորը թռավ ցանկապատի վրա, թևերը թափ տվեց, վիզը ձգեց:

Ա՛յ, այսպես:

Եվ բարձր ձայնով կանչեց՝ ծո՜ւղ-րո՜ւ-ղո՜ւ:

Հետո դես ու դեն նայեց ու ասաց.

-Մի՞թե ես քաջ չեմ, մի՞թե լավը չեմ:

Այս բանը ճուտիկին շատ դուր եկավ: Ինքն էլ վիզը ձգեց:

Ա՛յ, այսպես:

Եվ ամբողջ ուժով ծլվլաց.

-Պի՛-պի՛-պի՛-պի՛: Ես էլ եմ քաջ, ես էլ եմ լավը:

Բայց սայթաքեց և ընկավ ջրով լի փոսը:

Ա՛յ, այսպես:

Գորտը տեսավ ճուտիկին, ծիծաղեց.

-Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛: Ա՛յ պստլիկ, ա՛յ ճստլիկ ճուտիկ, դու ո՜ւր, աքլորն ո՜ւր:

Պո՞չն է թանկ, թե՞ կյանքը

Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից:

Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:

Մուկն ընկերանում է մկան հետ
 Հեղինակ՝ԱթաբեկԽնկոյան

Մուկն ուզում էր ուժեղ ընկեր ունենալ, բայց չգիտեր, թե ով է ուժեղը: Դիմում է արևին: Արևն ասում է.

-Ամպն է ուժեղ: Ամպն ինձ ծածկում է:

Ամպին է դիմում: Ամպն ասում է.

-Քամին է ուժեղ: Քամին ինձ քշում է:

Քամուն է դիմում: Քամին ասում է.

-Քարն է ուժեղ: Քամին քարին բան չի անի:

Քարին է դիմում.

-Մարդն է ուժեղ: Մարդն ինձ ճեղքում է:

Մարդուն է դիմում: Մարդն ասում է.

-Ցորենն է ուժեղ: Առանց ցորենի ես կմեռնեմ:

Ցորենին է դիմում: Ցորենն ասում է.

-Մուկն է ուժեղ: Մուկն ինձ ուտում է:

-Որ էդպես է, ուրեմն ուժեղը մուկն է: Ես էլ մկան հետ կընկերանամ,- ինքն իրեն ասում է մուկը:

Նապաստակները

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Նապաստակներն ամբողջ ցեղով
Անտառի մեջ արին ժողով:
Եվ ժողովում մի ծեր Շլդիկ
Ասավ.
-Լսե՜ք, մեծ ու պստիկ.
Շունը հաչե, Քամին փչե,
Ամպը գոռա, Մուկը ճռա,
Մեր էս ցեղը
Հա՛ կդողա:
Էսպես ապրել չի կարելի
Էս աշխարհում փորձանքով լի,
Չարն ու բարին աշխարհի հետ,
Թողնենք գնանք, լցվենք մի գետ:
Շլդիկները՝ ո՜չ այս, ոչ այն,
Ելան ընկան մահի ճամփան:
Հենց որ եկան գետին մոտիկ,
Էն գորտերը, մեծ ու պստիկ,
Խառնիխուռը  ընկան ջուրը:
Իսկույն այդտեղ մի այլ Շլդիկ՝
— Դարձե՜ք — կանչեց, — պապիս որդիք,
Էլ մի՜ կախեք ձեր քթերը,
Մեզնից վախկոտ են գորտերը:

Գիտե՞ս, որ…

  Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:

Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s