Սեպտեմբերի ընթերցարան

Արտույտն ու երկինքը

Արտույտը վախենում էր, որ երկինքը փուլ կգա: Նա պառկեց մեջքի վրա, ոտքերը տնկեց ու աշխատեց դեմ տալ երկնքին:

Տեսնողները  ծիծաղեցին նրա վրա և ասացին.

-Ա´յ ճնճղուկ, դու ո՞նց կարող ես քո ծղոտե տոտիկներով պահել երկինքը:

-Ես իմ բաժին երկինքն եմ պահում:

Երկու ձագուկ

Երկու ձագուկ մի հասկ գտան: Հասկում շատ հատիկներ կային: Ագահ ձագուկները բռնեցին հասկի երկու ծայրերից ու սկսեցին քաշել՝ մեկը իր կողմը, մյուսը՝ իր: Հասկն այնքան քաշքշեցին, որ երկուսն էլ ընկան: Այդ ժամանակ ծիտը վրա հասավ, հասկը ճանկեց ու թռավ:

Ես

Հեղինակ` Աթաբեկ Խնկոյան

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
-Դո՜ւ…
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես, խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:

Չալ կաչաղակը 

Հեղինակ` Աթաբեկ Խնկոյան

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգ էր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
– Չկա, չէ, չէ…

Գիտե՞ս, որ

Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:

Կամակոր այծիկները

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

-Դու ետ գնա, որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:

Այծիկները վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Բարակ թելը

Հեղինակ` Լև Տոլստոյ

Մի մարդ թել մանողին բարակ թել պատվիրեց: Սա էլ մանեց: Բայց արի ու տես, որ մարդը չհավանեց ու ասաց.

– Ինձ շատ բարակ թել է պետք:

Մանողն էլ թե՝

– Եթե սա բարակ չէ, ահա քեզ ավելի բարակը, – և դատարկ տեղը ցույց տվեց: Մարդն ասաց, որ ինքը թել չի տեսնում:

– Ես էլ չեմ տեսնում, որովհետև թելը շատ բարակ է:

Հիմարն ուրախացավ, այդ թելից էլի պատվիրեց՝ մեծ գումար վճարելով չեղած թելի համար: