Աղբյուրն ՝այստեղ
Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է:
«Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակը սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում ֆիզիկական, հոգեբանական և տարիքային առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումն է՝ ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ (շնորհիվ կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության):
«Իմացումի հրճվանք» ծրագրի խնդիրները`
- սովորողների զարգացումը` նրանց տարիքային, անձնային, ֆիզիկական
- զարգացման առանձնահատկություններին համապատասխան
- ուսուցման կազմակերպում` կապված սովորողի կյանքի, հետաքրքրությունների,
- կենցաղի հետ, սովորողի հետաքրքրությունների բավարարում
- սոցիալական միջավայրի և հարաբերությունների ձևավորում և զարգացում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- հետազոտական ունակությունների զարգացում
- բնագիտական մտածողության (մաթեմատիկա, բնագիտություն,
- տեխնոլոգիա, էկոլոգիական դաստիարակություն) զարգացում
- գեղարվեստական դաստիարակություն (երգ-երաժշտություն, պար, կերպարվեստ,
- քանդակ, թատրոն)
- մարմնակրթություն` ֆիզիկական զարգացում, պլաստիկա, հիգիենա,
- լողուսուցում, մարմնամարզություն
- օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն) ամենօրյա ուսուցում
- ուսուցման կազմակերպում ծիսական գործունեության միջոցով
- ուսուցման կազմակերպում ուսումնական ճամփորդությունների միջոցով
- ՏՀՏ հմտությունների զարգացում, ուսուցման իրականացում ՏՀՏ միջոցներով
- սովորողների կրթության շարունակականության ապահովում
Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:
Ինտեգրված ուսուցմանը հնարավորություն է տալիս ճկունորեն անցում կատարել մի առարկայից մյուսին՝ միջառարկայական կապերի արդյունքում ամրապնդելով գիտելիք-կարողություն-հմտություն կապը:
Ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակն արտացոլված է դասացուցակում, սակայն դասավանդողը` տվյալ դասարանում իրականացվող ծրագրի ղեկավարը, որը մասնակցում է ուսումնական պլանով նախատեված բոլոր առարկայական ծրագրերին, կարող է դասացուցակում տեղափոխություններ կատարել կամ տարբեր դասաժամեր համադրել՝ դրանք հարմարեցնելով օրվա ծանրաբեռնվածությանը և տվյալ դասարանում սովորող երեխաների տարիքային առանձնահատկություններին:
Մայրենի լեզու
Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
Մայրենի լեզուն ուղղված է՝
- սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
- սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
- սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
- սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
- լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
- բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
- բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
- ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
- վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
- լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝
- անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները.
- կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
- զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:
Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`
- ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
- Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:
Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
- Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային հասցեի, կրթահամալիրի կայքի, դպրոցական ենթակայքի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի, սովորողի անհատական բլոգի միջոցով:
Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել: Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր, մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռավար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն է տալիս mskh-ն՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:
Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը: Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության զարգացմանը:
Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`
Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:
Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում էթվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:
Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:
Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը (հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները) հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով (պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով): Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:
Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը:
Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական», «Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:
Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են: Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի, արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:
Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև գրավոր`
- Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ.
- Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
- Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
- Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան մեջբերումներ անելով.
- Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ.
- Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը հիմնավորել.
- Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
- Պաշտպանել սեփական կարծիքը.
- Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ.
- Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել.
- Բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը.
- Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
- Հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց.
- Փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
- Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ.
- Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:
Երկրորդ դասարանցին պիտի կարողանա`
- Կարդալ և հասկանալ տեքստը.
- Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել և բացատրել.
- Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը, միտքը, հատվածը գտնել, ներկայացնել.
- 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձության մասին, որին ինքը մասնակցել է.
- Նամակներ գրել.
- Հրավիրատոմսեր պատրաստել.
- Շնորհավորանքներ գրել.
- 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել (միտքը ձևակերպել, գրանցել. հորինած պատմությունը, նկարագրական շարադրությունը).
- Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
- Օժանդակ բայերը ճիշտ գրել (ներկա ժամանակ).
- Հատուկ անունները գրել մեծատառով.
- Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտ գրել.
Մաթեմատիկայի 2-րդ դասարանի ծրագիր
Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են՝
- սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական
մտածողություն, կռահելու կարողություն, - սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս,
- զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը,
աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, - սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:
Ուսումնական գործիքներ.
Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), անհատական թվային գործիքներ (նոթբուք-նեթբուքեր, պլանշետ ), քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:
Մաթեմատիկա
Ուսումնասիրել 20-ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000-ի սահմանում, գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին, շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, ձևավորել հարց ձևակերպելու կարողություն:
Երկնիշ թվեր
Աղյուսակներ: Դրանց օգտագործումը երկնիշ թվերի գրության համար:
20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը.տասնավորներ և միավորներ:
Տարվա ամիսները և դրանց օրերի քանակը:
Երկնիշ թվերի համեմատումը:
Երկնիշ թվերի գումարումը և հանումն առանց կարգային անցումների:
Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը:
Գումարման գործողության հատկությունները:
Երկնիշ թվերի գումարումը և հանումը, որոնց արդյունքը կլոր թիվ է:
Երկնիշ թվերի գումարումն ու հանումը:
Տվյալների հավաքագրում հարցումների միջոցով:
Տվյալների ներկայացում աղյուսակների միջոցով:
Խնդիրների լուծում:
Եռանիշ թվեր
Հարյուրյակ: Հաշվում հարյուրյակներով: Կլոր հարյուրյակների անվանումը և գրառումը:
Եռանիշ թվերի համեմատումը. Եռանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:
Հազարի սահմանում թվերի գումարումն ու հանումը:
Խնդիրների լուծում: Հայտնի և անհայ տվյալներ:
Գծապատկերների , աղյուսակների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում:
Բազմապատկում և բաժանում
Բազմապատկման գործողությունը:
Բազմապատկման տեղափոխական հատկությունը:
Բազմապատկում 1-ով և 0-ով:
Բազմապատկում 2-ով:
Բաժանման գործողության իմաստը:
Զույգ և կենտ թվեր:
3-ով (4-ով, 5-ով, 6-ով, 7-ով, 8-ով, 9-ով) բազմապատկելու և 3-ի (4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի) վրա բաժանելու աղյուսակ:
Բազմապատիկներ:
Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:
Բաժանարարներ:
Բաժանման և բազմապատկման բոլոր դեպքերի օրինակներ:
Առանց փակագծերի արտահայտություններում գործողությունների որոշման կարգը:
10-ով և 100-ով բազմապատկում և 10-ի և 100-ի վրա բաժանում:
Բազմապատկման զուգորդական հատկությունը:
Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:
Մեծություններ
Երկարություն․ Երկարության չափման միավորներ՝ սանտիմետր, մետր, կիլոմետր:
Զանգված՝ կշեռք, կիլոգրամ, գրամ:
Ժամանակ. Ժամացույց։
«Ես և շրջակա աշխարհը»
«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները: Նպաստել հաղորդակցվելու , համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորումանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ:
Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:
1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Ինձ շրջապատող մարդիկ», «Բնագիտություն», «Տիեզերք», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները
«Ես և շրջակա աշխարհը» առարկան.
- Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:
- Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
- Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
- Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
- Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը:
- Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :
Բովանդակություն
- Ինձ շրջապատող մարդիկ
- Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները
- Իմ թաղը, բակը /որտեղ եմ ապրում/
- Ծեսեր, տոներ, միջոցառումներ
- Բնագիտություն
- Կենդանի և անկենդան բնություն
- Բնագիտական փորձեր
- Եղանակային փոփոխություններ
- Օրացույց
- Տիեզերք
- Արև, լուսին
- Բույսերի և կենդանիների խնամք
- Բույսերի տնկում, խնամք
- Կենդանիների խնամք
- Ծառատունկ, ծաղկատունկ
- Բակ-պարտեզի խնամք
- Անվտանգ երթևեկություն
- Անվտանգ երթևեկության տարրական կանոններ
- Առողջություն
- Անձնական հիգիենա
- Առողջ սնունդ, մարզանք
- Վատ սովորություններ
- Անվտանգությունը տանը և դրսում
Ուսումնական գործունեություն, որն իրականացվում է կրտսեր դպրոցում.
- Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին։
- Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում։
- Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները։
- Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատարում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ։
- Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու պատճառները` ձյուն, անձրև, քամի…
Մարմնակրթություն
Բովանդակությունը
- Ֆիզիկական վարժությունների նշանակությունը առողջության համար
- առավոտյան մարմնամարզության կարևորությունը
- անվտանգության պահպանումը ֆիզկուլտուրայի դասերին
- Օլիմպիական խաղեր և դրանց ծագումը:
Խնդիրները
Գիտելիքներ ֆիզիկական վարժությունների, հիգիենայի կանոնների վերաբերյալ,
ֆիզիկական կուլտուրայի առողջարարական կարևորությունը, նրանով զբաղվելու
վարժությունների ձևերը, մարմնի կոփման միջոցները:
2.Շարժախաղեր (Ազգային խաղեր)
Բովանդակությունը
- Դիպուկությունը զարգացնող խաղեր,
- ցատկերի ունակության ամրապնդման խաղեր,
- կոորդինացիան (հավասարակշռություն) մշակող խաղեր,
- գնդակ վարելու և փոխանցելու ունակության ամրապնդման խաղեր,
- փոխօգնության և ընկերասիրության դաստիարակում:
Խնդիրները
Ֆիզիկական որակների ձևավորում (ուժ, ճարպկություն, ճկունություն,
արագաշարժություն, դիմացկունություն ),
ինքնավստահություն և համարձակություն:
3.Մարմնամարզական վարժություններ
Բովանդակությունը
- Զույգերով, եռյակներով շարափոխումներ, դարձումներ (աջ, ձախ, հետ)
- Ընդհանուր զարգացնող վարժություններ համալիր մարզագույքի միջոցով,
- Շնչառական վարժություններ
- Հավասարակշռության վարժություններ
- Կեցվածքի ճիշտ ձևավորման վարժություններ,
- Շվեդական պատին մագլցում
- Ակրոբատիկ վարժություններ
- Գլորում կողքեր (աջ, ձախ) և առաջ՝ կքանստած դիրքից
- Ռիթմիկ մարմնամարզություն, կից քայլեր
Խնդիրները
- Շարային հրահանգների տիրապետում,
- գլուխկոնծի (առաջ և հետ) կատարման սովորեցում,
- կարգապահության և համարձակության դաստիարակում:
4.Ատլետիկական վարժություններ
Բովանդակությունը
Ատլետիկայի ձևերի ներկայացում, վազքեր, ցատկեր, նետումներ:
Վազք զիգզագաձև,վազք 20մ., հավասարաչափ վազք մինչև 3ր., հեռացատկ տեղից, թենիսի գնդակի նետում նշանակետին:
Խնդիրները
Նպաստել վազքերի, ցատկերի, նետումների կատարման տեխնիկային, սովորեցնել ցածր մեկնարկ արագավազքի համար: Արագաուժային ընդունակությունների մշակմանը նպաստող վարժություններ:
Կերպարվեստ
Թեմաներ՝
Իմ ամառը, ինքնանկար, իմ տունը, իմ ընկերը, դիմանկար, իմ սիրելի կենդանին
Բացիկ ուսուցչին, արև, ծաղիկ
Ուրախություն և տխրություն
Աշուն, աշնանային գույներ
Իմ դպրոցի հրաշալիքները
Ձմեռ, փաթիլ, բացիկ – Ձմեռ պապին, ընտանիքին, ընկերոջը
Հատված Թումանյանական սիրելի հեքիաթից
Գարուն, բացիկ մայրիկին, ուսուցչին, մայրիկի, ուսուցչի դիմանկար
Ակլատիզ, զատիկ, ձվիկ- Նկար Paint ծրագրով
Հատված Աղայանական ստեղծագործությունից
Երևակայական նկար, մեծը՝ փոքր, փոքրը՝ մեծ, մի գիծ՝ ես, մի գիծ՝ դու
Տեխնոլոգիա
Թեմաներ՝
Թաշկինակ
Բացիկ – Ուսուցչին- աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Աշնանային կոլաժ-Աշխատանք տերևերով, կաղիններով, չորացած այլ նյութերով
Ձմեռ — վերադիր աշխատանք գունավոր թղթով
Ձնեմարդ- վերադիր աշխատանք գունավոր թղթով,ֆոմով,կոճակներով, ուլունքներով
Ձյան փաթիլ- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Եղևնի — տոնածառ- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով,կոճակներով, ուլունքներով
Տոնածառի խաղալիք- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Դիմակ –Թումանյանական հերոսների- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Գարուն- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Ծաղիկ- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով, թելերով, կտորով
Բացիկ մայրիկին, ուսուցչին- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
թելերով, կտորով
Ակլատիզ-Աշխատանք պլաստմասե շշով, բաժակով, փայտով
Զատիկ- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Ձվիկ- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Դիմակ – Աղայանական հերոսների- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Բացիկ – շրջանավարտներին- Աշխատանք գունավոր թղթով, ստվարաթղթով
Համակարգչային գրագիտություն /1 ժամ/
- Ճիշտ անջատել և միացնել համակարգիչն ու ինտերակտիվ գրատախտակը
- Ճանաչել և գործածել ,,SMART Notebook,, ծրագրի գործիքները
- Աշխատել Paint, Movie Maker ծրագրերով
- Microsoft Word ծրագրով նոր էջ, թղթապանակ բացել, մուտքագել, գրածը պահել
- Օգտվել Live Edu ցանցից, իմանալ անձնական էլեկտրոնային հասցեն և գործածել այն
- Օգտվել բջջային հեռախոսից
- Գործածել թվային ֆոտոխցիկը և ձայնագրիչ
- Օգտվել համացանցի ուսումնական կայքերից
Ուսումնական նյութեր, ռեսուրսներ, գրականություն
Ուսումնական գործընթացը կազմակերպելիս դասավանդողն իրավունք ունի ընտրել մատուցվող նյութն ու այն դասագրքերի, ձեռնարկների շարքը, որոնք համապատասխանում են տվյալ դասարանում իրականացվող ծրագրի առանձնահատկություններին: Բացի դասագրքերից ու ձեռնարկներից, դասավանդողը հետազոտական աշխատանքի արդյունքում, սովորողների, նրանց ծնողների, գործընկերների հետ համատեղ ստեղծում է ուսումնական նյութեր, որոնք կարող են գործածվել նաև այլ դասարաններում դասավանդողների ու սովորողների կողմից: Ուսումնական նյութերը ընտրվում են նաև համացանցի տարբեր ուսումնական կայքերից, որոնք մշակվում, թարգմանվում կամ պարզապես առանց փոփոխությունների գործածվում են որպես ուսումնական նյութեր:
Ուսումնական նյութ է նաև http://www.mskh.am կայքն ու նրանում գործող ենթակայքերը:
- «Ոսկեփորիկ», Ա. Պետրոսյան
- Թվաբանություն, գ/տ. 1-ին դասարանցիների համար, երկրորդ և երրորդ մասեր, Ա. Արնաուդյան, հր. «Շաղիկ» , Երևան 1995թ.
- Մաթեմատիկա, գ/տ. 1-ին դասարանցիների համար, Գ. Հակոբյան, Ա. Արնաուդյան, հր. «Շաղիկ», Երևան 1995թ.
- Էլ. ուրախ ընթերցարան-այբբենարան, Աիդա Պետրոսյան, 2011թ.
- Այբբենարան, գիրք-տետր 1-ին դասարանցիների համար,
Արնաուդյան /ծաղկաքաղ՝ օգտագործվում է մասամբ/ - Ա. Պետրոսյան, «Մատենիկ», մայրենիի գիրք-տետր 1-ին դասարանցիների համար, Աիդա Պետրոսյան, Երևան 1995 թ. /ծաղկաքաղ/
- Մ. Սիմոնյան, «Մատենիկ», մայրենի գ/տ., հր. «Շաղիկ» , Երևան 1994թ. /ծաղկաքաղ/
- Մ. Սիմոնյան, Ա. Պետրոսյան, «Ընթերցարան» առաջին դասարանցիների համար, հր.՝ Երևան 1997
- Ա. Պետրոսյան, «Մատենիկ», մայրենիի գիրք-տետր 2-րդ դասարանցիների համար, Երևան 1995
- Մեդիագրադարան
- Կրթահամալիրի կայք՝ կրթահամալիրում դասավանդողների և սովորողների ստեղծած տարբեր էլեկտրոնային ուսումնական նյութեր /Smart Notebook, Power Point, Movie Maker և այլ համակարգչային ծրագրերով պատրաստված նյութեր ՝ աշխատանքային թերթիկներ, ընթերցարաններ, աուդիոգրքեր և այլն/
- Համացանց՝ այլ ուսումնական կայքեր
Տվյալ դասարանում ուսումնական խնդիրների ձևակերպում `
Ծրագրի իրագործման եղանակները և ծրագրային նյութերի բովանդակույթունը պետք է համապատասխանեն տվյալ դասարանում սովորող երեխայի տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին: Դասավանդվող նյութն ուղղված է սովորողին նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորելուն և զրգացնելուն, որի հիմքում ընկած է ստեղծագործական մտածողությունն ու ստեղծական գործունեությունը:
Սովորողի գործունեության ձևերը`
- Լեզվագործունեություն /նաև օտար լեզուներով/
- Մաթեմատիկա
- Կերպարվեստ, ձեռարվեստ, ծեփագործում
- Բնագիտություն
- Երգ, պար, մարմնակրթություն
- Թատրոն /դերային խաղեր, մնջախաղ/
- Տեխնոլոգիա /նաև մեդիատեխնոլոգիա/
Մեդիամիջոցները՝ որպես ուսումնական գործիք`
Ժամանակակից տեխնիկական միջոցները`
- բջջային հեռախոս
- ձայնագրիչ
- թվային ֆոտոխցիկ
- տեսախցիկ
- Էլեկտրոնային կրիչ
- համացանցին միացված համակարգիչ
- էլեկտրոնային գրատախտակ
- անհատական նեթբուք-նոթբուք
- կրթահամալիրի կայքն իր ենթակայքերով
- Live Edu ցանցի և սոցիալական կայքերի գործածում ուսումնական նպատակներով
Յուրաքանաչյուր գործունեության հիմքում սովորողների ստեղծագործական և ինքնուրույն որոնողական աշխատանքի խթանումն ու բացահայտումն է: Ուսումնական նյութ կարող է դառնալ երեխայի իրական կյանքը, նրան հուզող խնդիրները, հետաքրքրությունները, նախասիրությունները: Սովորողները մենակ կամ դասավանդողների հետ համագործակցելով սպասարկում են կրթահամալիրի կայքն ու իրենց ենթակայքը, տարաբնույթ նյութեր, թարգմանություններ, ռադիոլուրեր կամ ֆոտոնկարներ տրամադրելով: Կայքում տեղադրված նյութերը ընտրության սկզբունքով ընթերցվում ու քննարկվում են, դասարանում գործածվող տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս անմիջապես արձագանքել կրթահամալիրի իրադարձություններին կամ ենթակայքի միջոցով դասարանում կատարվող իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդել:
Տնային առաջադրանքներին ներկայացվող պահանջներ, դրանց իրակացման ձևերն ու մեթոդները
- կապ ունի սովորողի իրական կյանքի հետ
- սովորողին գործողությունների է մղում
- ակտիվ, ուշադիր, նախաձեռնող, հմուտ է դարձնում
- ճանաչողական է ու մղում է դիտարկման, ուսումնասիրման, հետազոտման
- հարստացնում է սովորողի կենսափորձը` շրջակա միջավայր, առօրյա, շրջապատող մարդիկ` ծանոթ-անծանոթ, հարազատներ, այցելություններ, դիտարկումներ…
- ինֆորմացիա, տեղեկատվություն է ապահովում, որոնք դասարանում ուսումնական նյութ են դառնում
- արդյունք է ունենում՝ դառնում է նկարաշար, ժողովածու, ընթերցարան, տեղեկատու…
- ուղղված է ուշադրության կենտրոնացմանը, միջավայրը յուրացնելուն, հիշողության, պատկերային մտածողության, ընթերցանության, զարգացմանը, սոցիալական, բնագիտակաև, էկոլոգիական մշակույթի ձևավորմանը, մաթեմատիկական հասկացությունների զարգացմանը:
Նշված առաջադրանքները ոչ թե իրար են հաջորդում, այլ կապված են այդ ժամանակահատվածի աշխատանքային նյութի կամ թեմայի հետ, սովորողներն էլ պատրաստ են տվյալ առաջադրանքը այդ պահին կատարելուն` ունեն համապատասխան հմտություններ, գիտելիքներ և հնարավորություններ: Ըստ տվյալ ամսվա նախագծի՝ դասվարը կազմում է առաջադրանքների նախնական փաթեթ, որը ընթացքում կարող է լրացվել, լրամշակվել: Առաջադրանքների նախնական փաթեթը ուղարկվում է ծնողի էլեկտրոնային հասցեին, իսկ օրվա առաջադրանքը` դասարանում քննարկվելուց հետո սանի էլեկտրոնային հասցեին:
Հասարակական նախագծեր
Ուսումնահասարակական նախագծերը կարող են կազմակերպվել յուրաքանչյուր շաբաթ կամ ամիսը մեկ անգամ, կախված աշխատանքների անհրաժեշտությունից: Աշխատանքը հնարավոր է իրագործել հետևյալ խմբերով`
- Փոքրիկ խմբերով
- Դասարանով
- Ընտանիքով
- Միջդասարանական
- Համադպրոցական
- Կրթահամալիրային
Ուսումնահասարական նախագծերի արդյունքում դասավանդողների, սովորողների և նրանց ընտանիքների ներգրավման միջոցով կարելի է իրագործել հետևյալ աշխատանքերը`
- Մաքրել դասասենյակները
- Կանաչապատել դպրոցի բակը, հարակից տարածքները / ծառատունկ /
- Ստեղծել բնագիտական անկյուններ
- Աղբից մաքրել դպրոցի շենքը, շենքի հարակից տարածքները, բակը
- Մասնակցել դպրոցում իրագործվող շինարարական աշխատանքներին
- Դպրոցական ընթերցարանը հարստացնել գրքերով
- Կազմակերպել ընտանեկան նվիրատվություններ / երաժշտական գործիքներ, մարզական գույք, խաղեր, գրենական պիտույքներ և այլն /
- Վերանորոգել կոտրված կահույք
- Ներկել դռները և պատուհանները
Գնահատում, գնահատման գործիքներ, արդյունքներ
Սովորողների գնահատումն ու խրախուսումը անընդհատ պրոցես է: Գնահատման այսպիսի համակարգում էականը երեխայի ինքնուրույն աշխատանքի, ինքնասպասարկման կարողությունների և արտադրողական աշխատանքի խրախուսումն է: Գնահատման այսպիսի համակարգը դասավանդողին, սովորողին և նրա ընտանիքին օգնում է հետևողական լինել և շտկել ուսումնական պրոցեսում ի հայտ եկած բացթողումները, խրախուսում է ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառումը, ուսումնական գործընթացի լիարժեք մասնակից դարձնում նաև սովորողների ընտանիքի անդամներին և այլ շահառուների: