Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ

ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ:
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է՝
-Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:
Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ:
Պառավն ասում է.
-Փուշը թոնիրն եմ գցել:
Ծիտը կանգնում է, թե՝
-Իմ փուշը ետ տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.
-Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա’յ, լոշը ա’ռ, կաթնի մեջ բրդի’, կե’ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ է գալի, թե՝ լոշս տուր:
Հովիվն ասում է.
-Կերա:
-Չէ,-ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ դուրս թռչեմ:
Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:
Ասում է. -Ի՞նչ եք մոլորել: Ա’յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե՝ իմ գառը տվեք:
Ասում են.- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք:
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:
Ու հարսին առնում է թռչում:
Գնում է, գնում. գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:
Ասում է.- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր:
Աշուղը ասում է.- Հարսը գնաց իրենց տուն:
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:
Աշուղը սազը տալիս է իրեն:
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում ածել ու ճտվտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծիվ, ծիվ:
Մեկ էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։
— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։
— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։
— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
— Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։
— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
— Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
— Ո՞րտեղ է ընկերդ։
— Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ (ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ)

Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:

Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.

— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:

— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:

— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Հավիկը խմոր հունցեց:

— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը թոնիրը վառեց:

— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:

— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:

— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:

— Ես, — գոչեց մուկիկը և մոտեղցավ սեղանին:

Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը:

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս է մի հովիվ։ Ասում է․

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Եմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

ԵՐԿԻՆՔԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ:
Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:
– Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:
– Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
– Վա~յ, Բադիկ-Տատիկ,- կանչում է Հավիկ-Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ-Խաթունը:
Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:
– Վա~յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:
– Բադիկ-Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Հավիկ-Մարիկն է ասում:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ–Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու-Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:
– Աղա-Աղվես, Աղա-Աղվես,- կանչում է Հնդու-Թնդուն,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
– Սագիկ-Խաթունն է ասում:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:
– Բադիկ–Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ- Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ  որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
– Էդ ի՞նչ եք ասում,- ասում է Աղա-Աղվեսը,– եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը  ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում ենԱղա –Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:
Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ  դուրս չեն եկել:

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։
Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։
Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։
Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց… Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.
— Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…
Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՚
— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։
Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ…
Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ… Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ… Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.
— Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ… Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.
— Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…
— Զարկե՛ք…— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։
Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.
— Ծուղրուղո՜ւ…

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. 
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ.

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կովն ասում է.

— Դե գնա ինձ համար խոտ բեր։

Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Արտն ասում է.

— Դե գնա ինձ համար ջուր բեր։

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է.

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.

— Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է.

— Դե գնա ինձ համար ձու բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է.

— Դե գնա ինձ համար կուտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

ՇՈՒՆԸ, ՈՐԸ ՀԱՉԱԼ ՉԳԻՏԵՐ

Կար-չկար մի շուն կար: Նա հաչալ չգիտեր: Ո՛չ հաչալ, ո՛չ մլավել, ո՛չ բղավել, ո՛չ էլ խոսել: Սովորական փոքրիկ շուն էր: Ոչ ոք չգիտեր՝որտեղից է նա հայտնվել այս գյուղում: Շունը երբեք էլ չէր իմանա, որ հաչալ չգիտի, եթե հարևանները չլինեին:

— Ինչու՞ չես հաչում, — զարմանում էին նրանք:

— Ես հաչալ չգիտեմ, որովհետև  տեղացի չեմ, — պատասխանում էր շունը:

— Ա՜յ թե զարմացրիր: Բոլոր շներն էլ հաչում են:

— Ինչի՞ համար:

— Որովհետև շունը շուն է, — պատասխանում էին հարևանները:

— Բոլոր շներն էլ հաչում են կատուների, լուսնի, չար անցորդների վրա: Հաչում են, երբ տխուր են, երբ ուրախ են: Ավելի հաճախ նրանք հաչում են ցերեկը: Բայ ց երբ շատ են ուզում քնել ու չեն կարողանում, հաչում են նաև գիշերը: Դու երևի հիվանդ ես: Գնա՛ անասնաբույժի մոտ: Խեղճ շունը  հազիվ էր զսպում արցունքները: Մի երիտասարդ աքաղաղ խղճում է տխուր շանը.

— Նայի՛ր ինձ և կրկնի՛ր: Աքաղաղը երեք անգամ բարձր «ծուղրուղու» է կանչում:

— Վա՜յ, շատ դժվար է, — ասում է  շունը:

— Ոչ մի դժվար բան չկա: Ամենակարևորը՝ հետևի՛ր կտուցիս և լայն բացիր բերանդ: Աքաղաղը կրկին «ծուղրուղու» կանչեց: Շունը փորձեց կրկնել, բայց չստացվեց, միայն ինչ-որ «քխե-քխե» կարողացավ արտաբերել: Աքաղաղները վախեցած ցրվեցին:

— Ոչի՛նչ, — հանգստացրեց աքաղաղը, — առաջին անգամվա համար վատ չէր: Դե՛, նորից փորձիր: Շունը կրկին փորձեց «ծուղրուղու» կանչել, բայց  էլի չստացվեց: Դրանից հետո նա սկսեց պարապել: Մեկ-մեկ գնում էր անտառ. այնտեղ   ոչ ոք չէր խանգարում, և ինքը կարող էր «ծուղրուղու» կանչել, որքան սիրտն ուզի: Մի օր առավոտյան նա կարողացավ այնքա՜ն բարձր ու գեղեցիկ  «ծուղրուղու» կանչել, որ աղվեսը, լսելով նրա ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորը որոշեց ինձ «հյուր գալ»: Պետք է նրան շնորհակալություն հայտնել այցելության համար»: Աղվեսն շտապեց նրա մոտ: Իհարկե՝ չմոռանացավ դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ վերցնել. ով չգիտի, որ աղվեսի համար աքլորից  համեղ խորտիկ չկա: Աղվեսը գնաց անտառի խորքը և ի՜նչ տեսավ. խոտերի մեջ նստած է մի շուն, ուրախությունից թափահարում է պոչը և «ծուղրուղու» կանչում:

Աղվեսը կատաղեց.

— Այդ դու էիր ուզո՞ւմ ինձ ծուղակը գցել:

— Ի՜նչ ծուղակ, ինչ բա՜ն, — զարմացավ շունը:

— Մոլորված աքլորի նման «ծուղրուղու» ես կանչում…  Լավ է, որ քեզ շուտ նկատեցի:  Դու անարդար վարվեցիր: Սովորաբար շներն իրենց հաչոցով ինձ զգուշացնում են, որ մոտակայքում որսորդ կա:

— Երդվում եմ, ես միտք չունեի ինչ-որ մեկին որսալ: Ես անտառ եմ եկել, որ պարապեմ: — Այդ ի՞նչ ես պարապում, — չհավատաց  աղվեսը:

— Հաչալ եմ սովորում:  Նայիր՝ինչ լավ  եմ հաչում՝ ծուղրուղո՜ւ: Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում աղվեսի սիրտը թուլանար: Նա թավալ էր տալիս խոտերի վրա և քիչ էր մնում իր խիտ բեղերը կծեր:

Շունը հուսահատված վազեց տուն: Խեղճ շանը տեսավ կկուն.

— Ո՞վ է քեզ վշտացրել, — հարցրեց նա:

— Ոչ-ոք, — հազիվ լսելի ձայնով պատասխանեց շունը:

— Բա ինչո՞ւ ես այդքան տխուր:

— Հաչալ չգիտեմ, և ոչ ոք էլ չի սովորեցնում:

— Եթե դա է պատճառը, ես քեզ կօգնեմ: Ուշադիր լսի՛ր և կրկնի՛ր իմ հետևից՝ կու-կու-կու-կու…հասկացա՞ր:

— Ինձ թվում է՝ դա այնքան էլ դժվար չէ, — անվստահ ասաց շունը:

— Շա՜տ հեշտ է, — կանչեց կկուն, — ես դեռ մանկությունից կարողանում եմ…Կրկնի՛ր իմ հետևից՝կու-կու-կու-կու.. — Կու-կու, — ցածր կրկնեց շունը: Նա մեկ փորձեց, երկուս փորձեց: Մի շաբաթ հետո հիանալի «կու-կու» էր կանչում: «Վերջապես ես նմանվեցի մյուս շներին, — ուրախանում էր շունը:

— Հիմա ես կարող եմ և՛ լուսնի վրա հաչել, և՛ չար անցորդների»: Եկան որսի ժամանակները: Անտառում էին հավաքվել Իտալիայի հմուտ և նորաթուխ որսորդները: Մեկը կրակում էր միայն վայրի գազանների վրա, մյուսը՝ բոլոր թռչունների և կենդանիների:   Սոխակին էլ  չէին խնայում: Այդպիսի մի անխիղճ որսորդ լսեց, որ թփերի միջից կկվի ձայն է գալիս: Երկար-բարակ չմտածեց, հրացանով կրակեց:

— Գըմփ-գըմփ, — շան ականջի մոտ լսվում էին փամփուշտների ձայները: Շունն, ինչքան ուժ ուներ, փախավ: Նա չէր հասկանում, թե ինչու՞ է որսորդը կրակում հաչող շան վրա: Իսկ այդ ժամանակ խոտերի մեջ որսորդը իզուր  թռչուն էր փնտրում: «Երևի թռչունին այս չարաբաստիկ շունն է գողացել: Թե որտեղի՞ց  հայտնվեց»,-մտածեց որսորդը և բարկությունից կրակեց իր բնից դուրս եկած փոքրիկ դաշտամկան վրա: Բարեբախտաբար  վրիպեց: Իսկ շունը ավելի ու ավելի հեռու էր փախչում: Հանկարծ  կանգ առավ. «Տեսնես՝ ո՞վ է սա: Ընձու՞ղտ: Չէ՜, երևի կոկորդիլոս է: Կոկորդիլոսը շատ  վտանգավոր կենդանի է: Նրա մոտով պետք է աննկատ անցնել», — մտածեց շունը: Թաքնվելով խիտ խոտածածկի մեջ, նա կամաց-կամաց մոտեցավ ձայնին: Ինքն էլ չգիտեր՝ ինչու, բայց սիրտը սկսեց արագ խփել:

— Հա՛ֆ-հա՛ֆ: Դա որսորդի շունն էր:

— Բարև, շո՛ւն:

— Բարև:

— Ի՜նչ տարօրինակ ես մռնչում:

— Մռնչո՞ւմ եմ, — վիրավորվեց որսորդի շունը:

— Ես չե՛մ մռնչում, ես հաչում եմ:

— Դու հաչա՞լ գիտես:

— Իհարկե՛: Բա հո փղի նման շեփորի ձայն չե՞մ հանելու, կամ՝ առյուծի նման մռնչալու:

— Իսկ ինձ կսովորեցնե՞ս:

— Ո՜նց, դու հաչալ չիտե՞ս,-զարմացավ որսորդի շունը:

— Չէ՛, — տխուր խոստովանեց միայնակ շունը:

— Դե ուրեմն լսիր՝ հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ:

— Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ, — միանգամից արտաբերեց մեր շունը: Նա, հազիվ զսպելով արցունքները, ինքն իրեն մտածեց. «Վարջապես ես իսկական ուսուցիչ գտա»:

ԿՈՆՖԵՏԻ ԱՆՁՐևԸ

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s